«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 23-ին տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, եւ ԳՄ նոր ներկայացուցիչ՝ սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը: 2015թ. հունվարից Գերագույն մարմնի ներկայացուցիչը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: Աղվան Վարդանյանը ոչ միայն ԳՄ ներկայացուցիչ չի ընտրվել, այլ չկա նաեւ նորընտիր ԳՄ կազմում: 2016թ. ընտրված Գերագույն մարմնի 13 անդամներից նոր ԳՄ կազմում վերընտրվել են միայն երեքը: Մնացած 10-ի փոխարեն ընտրվել են ԳՄ 6 նոր անդամներ:

Գերագույն մարմնի կազմում, բացի Աղվան Վարդանյանից, չեն վերընտրվել նաեւ կուսակցության այլ կարկառուն ներկայացուցիչներ: Նրանց բոլորին միավորում է մի ընդհանուր հանգամանք. նրանք կամ կառավարությունում են կամ խորհրդարանում, կամ որեւէ պետական պաշտոն են զբաղեցնում:

Այսպես, նախորդ Գերագույն մարմնի անդամ էին ՀՅԴ-ից կառավարության երեք անդամները՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրանք երեքն էլ չեն ընտրվել ԳՄ անդամ: Նախկին ԳՄ-ի անդամներ էին ԱԺ ՀՅԴ խմբակցության երկու պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Նախորդ ԳՄ-ից նոր ԳՄ չի անցել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, վերջերս բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ նշանակված Միքայել Մանուկյանը: ԳՄ անդամ չի վերընտրվել նաեւ Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոս Մեղրյանը, որը տեւական ժամանակ է զբաղեցնում է Աբովյանի հարկային տեսչության պետի պաշտոնը: ՀՅԴ ԳՄ անդամ չեն վերընտրվել նաեւ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջի կառավարման խորհրդի նախագահ եւ համատեղության կարգով Կոմիտասի շուկայի սեփականատեր Աշոտ Փափազյանը, որը լայն հանրությանը հայտնի է Պադոշ Աշոտ անվամբ:

Եվ ուրեմն ինչով պետք է բացատրել այս ահռելի փոփոխությունը, որը տեղի է ունեցել ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար կազմում: Առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ ՀՅԴ-ն ուզում է տարանջատվել իշխանությունից, եւ այդ պատճառով ստեղծվել է այսպես կոչված ոչ իշխանական Գերագույն մարմին, որի կազմում չկան մարդիկ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում ներկայիս կառավարությունում, կամ հայտնի են այս իշխանության նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներով: Այս դիտարկումը գուցե եւ մոտ լիներ իրականությանը, եթե ընդհանրապես հնարավոր լիներ պատկերացնել Դաշնակցությանը առանց իշխանության:

Արդեն շուրջ երեք տարի Դաշնակցությունը վերջնականապես միացել, կարելի է ասել՝ ձուլվել է իշխանությանը, եւ որեւէ մեկը եւ ոչինչ չի կարող այդ կուսակցությանը ստիպել պոկվել իշխանությունից: Բացի այդ, որեւէ մեկը ընդդիմադիր Դաշնակցությանը լուրջ չի վերաբերվի, ինչպես, օրինակ, որեւէ մեկը չի հավատա որ «Օրինաց երկիրը» կամ Արթուր Բաղդասարյանը կարող է ընդդիմադիր լինել: Համենայնդեպս, առաջիկա հարյուր տարում: Բայց եթե Դաշնակցությունը չի ուզում տարանջատվել իշխանությունից, այդ դեպքում ինչ իմաստ ունի իշխանության մեջ եղած դաշնակցականներին հեռացնել կուսակցության ղեկավար մարմնից: Դա մոտավորապես նույնն է, որ ՀՀԿ գործադիր մարմնից հեռացվեն դրա պաշտոնյան եւ պատգամավոր անդամները: Տակը ուղղակի մարդ չի մնա:

Իհարկե հնարավոր է այլ տարբերակ, որը այս պահին ավելի հավանական է թվում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՅԴ-ն ոչ թե դուրս է գալու կոալիցիայից, կամ հրաժարվելու է նախարարական պորտֆելներից, այլ փոխելու է այդ նախարարական պորտֆելները: Ամենահավանականն այն է, որ ՀՅԴ-ն կհանձնի տարածքային կառավարման եւ զարգացման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնները: Դե չէր լինի Դավիթ Լոքյանին եւ Լեւոն Մկրտչյանին հանել ԳՄ-ի կազմից, իսկ Արծվիկ Մինասյանին թողնել: Դա չափազանց ճչացող կլիներ: Այնպես որ, որոշել են բոլորին էլ հանել: Ի վերջո, այսպես ավելի հարմար է. այն մարդիկ, ովքեր իշխանության մեջ փող են շինում, թող կապ չունենան կուսակցության իբրեւ թե ղեկավար մարմնի հետ. թող այն լինի հնարավորինս մաքուր եւ ստերիլ լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում