Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս մասին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Պատասխանելով բանակցությունների էության եւ միջնորդների կրեատիվության մասին Բաքվի հերթական հայտարարություններին՝ նախարարը նկատել է, որ բանակցությունների բովանդակության եւ ըստ էության բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները տանում են այն մտքին, որ բոլոր նախկին բանակցությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ երկու տասնյակից ավելի բարձրաստիճան հանդիպումներն անիմաստ ու անտրամաբանական են եղել։

Նախարարի խոսքով, կրեատիվության մասին խոսակցությունները ծնվել են Ադրբեջանի ղեկավարության անառողջ երեւակայությունից. «Հայաստանի մայրաքաղաքի 2800–ամյա պատմությունն իրեն վերագրելու փորձերը կամ մյուս տարածքները, կամ ռազմատենչ հայտարարությունները։ Ավելի լավ կլիներ բացատրեին, թե ինչու են հրաժարվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հայտարարություններից, մերժում են համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները։ Գուցե Ադրբեջանում դրանք ոչ կրեատիվ են համարում։

Այսինքն, վերագրել են իրենց կրեատիվության մասին ճառեր ասելու իրավունքը եւ դրանից ելնելով կատարել դրանք կամ չկատարել։ Բաքուն պետք է հրաժարվի լեզվաբանական վարժանքներից եւ սկսի կատարել պայմանավորվածությունները»,–նշել է նախարարը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Կրակովում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Կասպրշիկի թիմի հնարավորությունների ավելացման մասին, բայց Ադրբեջանը հրաժարվել է հիշել եւ հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները. «Գուցե Ադրբեջանը չի կարող ինքնուրույն վերադառնալ կառուցողական դաշտ եւ նրան պետք է վերադարձնել այնտեղ»,–հավելել է Նալբանդյանը։