Կեմերովոյի թիվ 17 գիմնազիայում սգում են 37-ամյա ուսուցչուհի Տատյանա Դարսալիայի մահը, որը զոհվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով՝ փորձելով երեխաներին դուրս բերել բոցավառվող շենքից։

Դարսալիան իր 14-ամյա դստեր՝ Էլեոնորայի հետ միասին մարտի 25-ին հանգստանալու էր եկել առեւտրի կենտրոն: Ականատեսների վկայությամբ, երբ խուճապ է առաջացել, Տատյանան դստերը դուրս է բերել շենքից եւ, իմանալով, որ վերին հարկում երեխաներ են մնացել, գնացել է նրանց օգնելու: Այնտեղից Դարսալիան արդեն չի վերադարձել:

«Մենք միշտ սիրելու ու հիշելու ենք նրան. նա եղել է եւ կմնա լավագույններից լավագույնը: Ես մինչ այժմ չեմ հավատում, որ դա տեղի է ունեցել հենց նրա հետ, բայց ես հպարտանում եմ, որ նա իմ մայրն է: Նա զոհվել է որպես հերոս, իրենից առաջ թողնելով երեխաներին եւ չէր կարող այլ կերպ վարվել: Նա միշտ կմնա մեր սրտերում»,- գրում է Տատյանայի դուստրը՝ Էլեոնորան, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում իր զոհված մոր էջում:

14-ամյա Էլյայի հետ միասին Տատյանայի մահը խորապես սգում են բոլոր ընկերները, աշակերտները, ծանոթները եւ նույնիսկ պարզապես անծանոթ մարդիկ:

«Ցանկանում եմ ասել, որ Դուք ոչ թե պարզապես կին եք, այլ ՀԵՐՈՍ: Ես Ձեզ միշտ կհիշեմ որպես շատ բարի եւ հասկացող կին: Էլյային ես սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ, նրա կյանքում ամեն բան լավ կլինի, ես խոստանում եմ»,-Տատյանայի էջում գրել է Անաստասյա Կոմարովան: