Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում շուրջ յոթ տասնյակ մարդու կյանք խլած ողբերգական հրդեհից հետո, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է ուսումնասիրություններ կատարել հայաստանյան առեւտրի կենտրոններում՝ պարզելու որքանով են ապահովված անվտանգությունը։ ԱԻՆ Հակահրդեհային տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում ինչ թերություններ են հայտնաբերվել։

«Ընդհանուր առմամբ կան թերություններ, անթերի ոչ մի օբյեկտ չկա, ուղղակի հարցն այն է, թե այդ թերություններն արդյոք կապիտալ բնույթի են, որ կարող է հրդեհը հասցնել ծանր հետեւանքների։ Մասնավորապես մեզ համար առաջնայինն այն է, որ հրդեհի դեպքում լինի նորմալ տարհանում եւ այն տվյալ կառույցը ապահովված լինի հրդեհային պաշտպանության համակարգերով, օրինակ, սիգնալիզացիայով, հրդեհաշիջման համակարգով, կրակմարիչներով եւ այլն։ Ընդհանուր առմամբ մեր երկու օրվա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բարվոք է վիճակը Երեւանի առեւտրի կենտրոններում»,–մանրամասնել է Սերգեյ Հայրապետյանը։

Նա նշել է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առեւտրային կենտրոններում կրակմարիչների քանակը բավարար չի եղել, որոշներն էլ լիցքավորված չեն եղել։

«Կրակմարիչների քանակությունը բավարար չէ, կային ժամկետանց կրակմարիչներ, որ պիտի վերալիցքավորվեն, կար տարհանման պլանների խնդիր։ Համենայնդեպս տարհանման ելքերը նորմերով սահմանված կարգով կան, իսկ պլանն այն է, որ փակցվեն տեսանելի վայրերում, բայց քիչ էին, օրինակ, «Երեւան», «Դալմա» մոլերում կային նման խնդիրներ»։

Նա շեշտել է, թե հետազոտությունները տարեսկզբից էին սկսել, սակայն Կեմերովոյի ողբերգությունից հետո այս օրերին թիրախավորել են կոնկրետ առեւտրային կենտրոնները։