«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի վերլուծաբան Կոնստանտին Մակիենկոն «Կոմերսանտում» հանդես է եկել «Ղարաբաղյան պատերազմի նավթադոլարները» վերտառությամբ հոդվածով, որտեղ, ըստ էության, հիմնավորապես կասկածի տակ է դնում բոլոր այն պնդումները, թե ԼՂ հակամարտության գործընթացում պահպանվում է ստատուս-քվոն: Ըստ վերլուծաբանի` առնվազն 2004-ից հակամարտ կողմերի ուժերի հարաբերակցությունը սկսել է փոխվել, երբ նավթի համաշխարհային բարձր գների ֆոնին Ադրբեջանը շեշտակի մեծացրել է իր ռազմական բյուջեն եւ սպառազինությունների ձեռքբերման ծավալները: 2008-ից Բաքուն արմատապես վերանայել է ռազմական իմպորտի մոդելը` շեշտը դնելով նոր արտադրության բարձր տեխնոլոգիական սպառազինության պատվերների վրա: 2014-ին Ադրբեջանն արդեն ռազմա-տեխնիկական մեծ առավելություն ուներ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի հանդեպ, հատկապես` տանկերի, հրթիռային համակարգերի ոլորտում: Հենց սա էլ դարձավ 2016-ի Քառօրյա պատերազմի սանձազերծման հիմնական մոտիվը: Պատմական փորձը հուշում է, որ հենց ուժերի հավասարակշռության խախտումն է մեծացնում պատերազմի ռիսկը:

Իհարկե, 2016-ի պատերազմում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր ռազմավարական խնդիրը` բավարարվելով տակտիկական նշանակություն ունեցող մի քանի բարձունքի գրավումով, մյուս կողմից` հայկական զինուժը Բաքվի ագրեսիան կասեցրեց մարդկային մեծ կորուստների գնով, ինչը, ի դեպ, հենց ռազմա-տեխնիկական բալանսի խախտման, ավելի ստույգ` սպառազինությունների ոլորտում Ադրբեջանի գերակայության հետեւանք է:

Ռուս փորձագետը կարծիք է հայտնում, որ նոր պատերազմը, ըստ էության, անխուսափելի է, որովհետեւ վերջին տաս տարում Ադրբեջանը սպառազինության եւ բանակի մոդեռնիզացիայի վրա ծախսել է մոտ 25 միլիարդ դոլար, եւ ուժերի հավասարակշռությունը փոխվում է, ըստ էության, ամեն օր: Ստատուս-քվոյի փոփոխությանը նպաստում են նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում արձանագրվող դեմոգրաֆիական եւ տնտեսական միտումները, որոնք, մեղմ ասած, Հայաստանի օգտին չեն:

Իհարկե, մխիթարում է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն քիչ միջազգային հարթակներից մեկն է, որի վրա չի տարածվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակադրությունը, եւ հայ-ադրբեջանական առաջնագծում խաղաղության պահպանման հարցում կոնսենսուս գոյություն ունի ոչ միայն համանախագահների, այլ նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի հարեւան Իրանի միջեւ: Սակայն միջազգային բարենպաստ համատեքստի գործոնը պետք չէ գերագնահատել, մանավանդ, որ ներկայումս տեղի է ունենում միջազգային իրավունքի եւ երաշխիքների ինստիտուտի թուլացման գործընթաց: Այս հանգամանքն ավելի է մոտիվացնում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի ցանկությունը:

Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նախագահության մեկնարկից` Հայաստանը ԼՂ հարցում վարում է կարգավորման գործընթացը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն, որն, իհարկե, կարող էր արդարացված լինել, եթե ժամանակն օգտագործված լիներ` նոր որակի պետություն կայացնելու համար: Ադրբեջանի նավթադոլարները եղանակ չէին ստեղծի միջազգային հարթակներում կամ էապես չէին փոխի հավասարակշռությունը սպառազինությունների ոլորտում, եթե Հայաստանը առաջին պատերազմի հաղթանակի էֆեկտն օգտագործեր քաղաքական, տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար: Հայաստանն արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տարավ, որովհետեւ Ադրբեջանի հետադիմական մոդելին հակադրեց համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ դեմոկրատական համակարգ:

Սակայն խաղաղության ավելի քան երկու տասնամյակում Հայաստանում մսխվեց հաղթանակի քաղաքական, բարոյական էֆեկտը: Հաղթանակը սեփականացվեց էլիտայի կողմից` դառնալով ապօրինի հարստություն, դղյակներ, անվերահսկելի եւ սանձարձակ իշխանություն, կեղծված ընտրություններ: Հայաստանը կորցրեց իր որակները` մեր էլիտայի ագահության, անտաղանդության հետեւանքով` ակամայից նպաստելով պատերազմի վերսկսման հավանականության մեծացմանը, որովհետեւ նավթադոլարը դարձյալ գործոն է դարձել կարգավորման գործընթացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում