«Ժամանակ» թերթը գրում է. «Ճակատագրի հեգնանքով նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի շռնդալից հաղթանակից ընդամենը մի քանի օր հետո Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցավ ողբերգական հրդեհ: Ոչ մի երկիր նման պատահարներից երաշխավորված չէ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Կեմերովոյում` անարդյունավետ եւ կոռուպցիոն կառավարման ողբերգական հետեւանքն էր: Ի դեպ, դա խոստովանեց անգամ Պուտինը, իհարկե` «բարի ցարի» կարգավիճակում դասեր տալով մարզային կոռումպացված պաշտոնյաներին:

Կեմերովոն այս օրերին դարձել է մարդկային ողբերգության խորհրդանիշ, մյուս կողմից` բացահայտելով ռուսական իրականության կոնտրաստն ու թշվառությունը: Ինքնին անհասկանալի է, թե տեխնոլոգիապես հետամնաց երկրի կոռումպացված համակարգի առաջնորդն ինչպես կարող էր վստահության նման պաշար ստանալ նախագահական ընտրություններում, մյուս կողմից` պարադոքսալ է, որ Պուտինի՝ նման շռնդալից հաղթանակից հաշված օրեր անց Կեմերովոյի եւ առհասարակ` Ռուսաստանի հասարակությունը նման տոտալ անվստահություն է ցուցաբերում բարձր վարկանիշ ունեցող իշխանությունների հանդեպ: Մարդիկ նույնիսկ չեն հավատում պաշտոնական թվերին` վստահեցնելով, որ հրդեհի հետեւանքով զոհվել են ավելի մեծ թվով մարդիկ: Արեւմտյան որեւէ երկրում նման իրավիճակի չենք հանդիպի, որովհետեւ հասարակությունները համոզված են, որ նման պատահարները դառնալու են օբյեկտիվ եւ համակողմանի քննության առարկա: Եթե Կեմերովոյի հրապարակում հավաքված մի քանի հազար մարդ Պուտինին եւ նահանգապետին անվանում են մարդասպան, միանգամից արժեզրկվում են մի քանի օր առաջ դիկտատորի ստացած 54 միլիոն քվեները, որովհետեւ դրանց ստվերում երեւում է անհաղթահարելի անվստահություն իշխանության հանդեպ, որը մի օր վերածվելու է հասարակական ցասման:

Կեմերովոն ցույց տվեց, որ եթե Ռուսաստանում կրկնվեն մի քանի նման ֆորս-մաժորային իրավիճակներ, Պուտինի բարձր ժողովրդականությունը կփլուզվի օրերի ընթացքում` ավարտելով արքունիքի գրոհով կամ «պուտչով»: Նման տեսարաններով Ռուսաստանի պատմությունը հարուստ է: «Աստղային» ցուցանիշներով նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պուտինը Կեմերովոյի առեւտրի տան մոտ զոհերի հիշատակը հարգեց գաղտագողի` ակամայից իրեն դրսեւորելով ոչ թե ժողովրդականություն վայելող առաջնորդի, այլ` սեփական ժողովրդին «օկուպացրած» օտարի որակներով:

Մոտավորապես նույն իրավիճակն է Հայաստանում: 2015-ի սահմանադրական հանրաքվեով Սերժ Սարգսյանը, ըստ էության, ֆորմալացրեց իր իշխանության երկարաձգումը, սակայն ընդամենն ամիսներ անց Հայաստանը բախվեց ֆորս-մաժորային երկու իրադարձությունների` 2016-ի Ապրիլյան պատերազմին եւ ՊՊԾ գնդի օգոստոսի գրավմանը: Այս երկու իրադարձությունները փուչիկի պես պայթեցրեցին իշխանության ամենակարողության միֆը` ցնցելով համակարգի հիմքերը:

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության այսօրվա թեզը նույնպես միֆ է, որը պայթելու է ֆորս-մաժորային իրավիճակի կամ նույնիսկ ռեալ այլընտրանքի առկայության դեպքում, որովհետեւ ավտորիտար իշխանությունների ուժը խարսխված է ոչ թե ինստիտուցիոնալ հիմքերի, ռացիոնալ օրակարգի, այլ հասարակության վախի, անտարբերության, ապատիայի վրա:

Արտաքուստ ինչքան ուժեղ եւ անպարտելի է թվում ավտորիտար իշխանությունը` նույնքան խոցելի եւ անօգնական է այն դառնում ոչ ստանդարտ իրավիճակներում: Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է «ազգային համերաշխության» մթնոլորտում, որի առանձնահատկությունը, սակայն, հասարակության սուբյեկտության ոչնչացումն է: Ժամանակակից պետության հիմնական սուբյեկտը, սակայն, ոչ թե իշխանությունն է, այլ քաղաքացիական հասարակությունը, որի սուբյեկտության անխուսափելի վերականգնումը գործող իշխանությանը թողնելու է իր իսկ ստեղծած միֆի` «ազգային համերաշխության» փլատակների տակ: Պատկերավոր ասած` Սերժ Սարգսյանն այսօր հաղթում է բոլորին` պարտվելով ժամանակին ու պատմությանը:

Պատմությունն ու ժամանակը անողոք դատավորներ են, որոնք երբեք չեն խնայում իշխանություններին, առաջնորդներին, որոնք անցել են ռուբիկոնը` վերջնականապես այրելով հետդարձի բոլոր ճանապարհները, կտրվելով անցյալից, օտարվելով իրականությունից, մշուշի մեջ խեղդելով ապագան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում