«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները չեն բացառում, որ ապրիլի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»` ԲՀԿ-ի մասնակցությամբ, եւ ԲՀԿ վերջին տրանսֆորմացիաները կապված են ոչ միայն Եվրոպայի պահպանողականների կուսակցության անդամակցության պահանջների հետ` երիտասարդության լուրջ ներգրավում, գենդերային քաղաքականության ակտիվացում, գործող կառույցների առկայություն, այլեւ սպասվելիք` «համաձայնության կառավարության» գործոնի հետ:

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` եթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարության` սոցապ եւ առողջապահության, պատասխանատվությունը եւ մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին։ Անգամ ասում են, որ Ծառուկյանը նախնական զրույց է ունեցել Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ` Կարոյից հետո մարզը ղեկավարելու առնչությամբ։ Ասել է, որ դեռ քննարկման փուլում է հարցը՝ «վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց իմացի»:

Ըստ մեր աղբյուրների վերլուծության` Սերժ Սարգսյանին, որպես ապագա վարչապետի, շատ ձեռնտու է ԲՀԿ-ի կողմից կառավարության մաս կազմելը` ոչ միայն քաղաքական բալանսավորման, այլեւ հեռանկարում Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող, ինչպես նաեւ արաբական շեյխերի խոստացած ներդրումները բերելու առումով: «Բաց է մնում պառլամենտում ընդդիմության եւ ԱԺ փոխխոսնակի հարցը. ստիպված կլինեն Նիկոլենց թիմից որեւէ մեկին դարձնել փոխխոսնակ` Միշայի փոխարեն»,- ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում