Այսօր՝ մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:

Ավագ հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում վաղ առավոտյան կատարվեց Ապաշխարողաց կարգը, որի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից ընթերցվեց Սուրբ Հովհաննես Ոսկեբերան Հայրապետի «Օրհնեալ է Ամենասուրբ» աղոթքը:

Այնուհետեւ կատարվեց Միջօրեի ժամերգությունը եւ ապա Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի կողմից մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:

Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» ճառը: Իսկ հավարտ Սուրբ Պատարագի փակվեց Ավագ Ս. Խորանի վարագույրը:

Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Ոտնլվայի արարողությունը: