«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցությունը չի քննարկում ԲՀԿ հետ կոալիցիայի հարց: Այդպիսի հարց օրակարգում չունենալու մասին հայտարարել է նաեւ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ վաղն, օրինակ, այդ հարցը կարող է հայտնվել քաղաքական օրակարգում, քանի որ, խոշոր հաշվով, դրա վերաբերյալ մանրամասներին երեւի թե տիրապետում են առավելապես Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Ըստ այդմ՝ հարցն, իհարկե, լուծվելու է այս մակարդակում, իսկ Սարգսյանի եւ Ծառուկյանի օրակարգերն ինչպիսին են, այստեղ արդեն, ըստ էության, շատ դժվար է որեւէ միարժեք կամ հստակ բան պարզելը: Մի բան հստակ է, որ կոալիցիայի հարցը պայմանավորված է լինելու անհրաժեշտությամբ, բայց ոչ թե ձայնային, այլ միանգամայն այլ գործոններով թելադրված: Ի վերջո, հստակ է, որ Սարգսյանը վարչապետ լինելու համար չունի ձայնային խնդիր: Հետեւաբար կա երկու հանգամանք, որը կարող է նրա համար անհրաժեշտ դարձնել Ծառուկյանի հետ կոալիցիան:

Մեկն այն, որ Սերժ Սարգսյանն այդպիսով կփոձի ներկայանալ, այսպես ասած, լայն համաձայնության կամ ազգային համաձայնության վարչապետ՝ այդպիսով ձգտելով հետ չմնալ նախագահ Արմեն Սարգսյանից եւ նրան, այսպես ասած, առավելություն չտալ անգամ այդ մասով, կամ Սարգսյանը Ծառուկյանի աջակցությունը կարող է ունենալ իշխանության, մասնավորապես կառավարության մեջ իր համար նպաստավոր բալանս ապահովելու տեսանկյունից, քանի որ Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ ստիպված կլինի կառավարությունը կիսել կամ բաժանել Սամվել Կարապետյանի հետ:

Մյուս կողմից՝ հենց այդ հանգամանքը նաեւ Սերժ Սարգսյանի համար բավական կարեւոր է դարձնում Ծառուկյանին ընդդիմության դիրքերում՝ կառավարությանը քննադատության թիրախի տակ պահելու համար, ըստ երեւույթին՝ այն մասով, որ մասում կլինի կարապետյանական թեւը: Կոալիցիա մտնելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի կարող արդյունավետ կատարել այդ գործառույթը, եւ կստացվի, որ խորհրդարանում այդ գործառույթը իրականացնող չկա, որովհետեւ «Ելք» դաշինքն էլ դե ֆակտո այլեւս գոյություն չունի եւ հազիվ թե երբեւէ վերականգնի լուրջ ընկալվելու հատկանիշները:

Այդպիսով, Սարգսյան-Ծառուկյան կոալիցիան իրականում ունի բոլորովին այլ բնույթ եւ ոչ ֆորմալ կոալիցիա է, որ առկա է դեռեւս խորհրդարանի ընտրության մեկնարկից, երբ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն Սերժ Սարգսյանի զրոյական դիմադրության պայմաններում, ինչը առերեւույթ տարօրինակ էր, իհարկե, 2015-ի փետրվարի ֆոնին, սակայն միանգամայն տրամաբանական եւ պարզ՝ 2017-ի ու 2018-ի ապրիլների կառուցվածքում:

Ծառուկյանը Սարգսյանի համար արժեքավոր է որպես ընդդիմություն, եւ խաղի այս կանոնները բավականին ընդունելի են նաեւ Ծառուկյանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում