«Բուրգեր Քինգում» նախօրեին՝ ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունից 8 տուժածներից միայն 8-ամյա աղջկա վիճակն էր ծանր, մնացածը թեթեւ եւ միջին վնասվածքներ են ստացել՝ քերծվածքի, սալջարդի տեսքով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողներին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը անցել է բավականին լավ, նրա վիճակը միջին ծանրության է:

Մեկ տուժած՝ Իրանի քաղաքացի Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել:

Սամվել Կարապետյանը նշեց, որ տուժածների մի մասն այսօր դուրս կգրվեն. «Որեւէ մեկի հետ կապված որեւէ մտավախություն չկա»:

Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):