«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ եւ ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական: Ինչ-որ իմաստով, քանի որ խորքային առումով դրանք ոչ թե պարզապես արարողակարգային են, այլ ըստ էության արտացոլում են ներկայումս տեղի ունեցող դինամիկ աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնցում Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ էության, «դժբախտության եղբայրներ» են: Ընդ որում, կրկնակի «դժբախտության», քանի որ մի կողմից երկուսն էլ լուրջ խնդիրներ ունենալով Արեւմուտքի հետ, միաժամանակ նաեւ լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, պարզապես զուտ տակտիկական նկատառումներից ելնելով ներկայումս ստիպված են մոռանալ դրանք, կամ ավելի շուտ՝ անտեսել: Թեեւ, որքան դրանք անտեսվում են, այնքան արտահայտվում են առավել ողբերգական դրվագներով, եւ որպես կանոն՝ Ռուսաստանի որոշակի կորուստներով:

Հետո իհարկե Մոսկվան ստիպված է լինում պարբերաբար հայտարարել, թե դրանց մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ իրականում ինչ-որ «երրորդ ձեռք» փորձել է հարվածել ռուս-թուրքական հարաբերությանը: Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգում են ռեզինը եւ պարզ չէ, թե այն որտեղ է կտրվելու: Թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը, անկասկած, լավ են պատկերացնում, որ միմյանց համար փոխադարձաբար ունեն ընդամենը Արեւմուտքի դեմ խաղաքարտի նշանակություն, ոչ ավելի: Պարզապես երկուսն էլ չեն շտապում օգտագործել այդ խաղաքարտը, թերեւս հասկանալով, որ դա վերջինն է, եւ չաշխատելու կամ չհաջողելու դեպքում կմնան լիովին ձեռնունայն՝ ով որ փորձի օգտագործել մյուսին:

Այդ իմաստով, ռուս-թուրքական հարաբերությունը առերեւույթ, տակտիկական առումով վերելք եւ դինամիկ զարգացող բնույթի պարագայում, խորքային, ռազմավարական առումով ունի մաշող բնույթ, եւ կողմերը փորձում են մաշեցնել միմյանց քաղաքական դիրքերը: Հայաստանի դիտանկյունից գործընթացը, անշուշտ, ունի պատմական բավականին անմխիթար պրիզմա՝ ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար մշտապես հանգեցրել է բավականին ծանր կորուստների:

Մյուս կողմից, սակայն, անշուշտ պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցումով: Ճակատագրապաշտությունը քաղաքականության թշնամին է: Իրավիճակը նախկինում եւ այսօր բոլորովին այլ է: Խնդիրն այն է, թե մենք որքան համարժեք ենք փոխվել աշխարհի փոփոխությունների համատեքստում, մենք որքանով ենք նոր: Այդ տեսանկյունից Պուտինի եւ Էրդողանի ներկայիս շփումը, փաստորեն, առաջինն է հայ-թուրքական ուղղությամբ Երեւանի վերջին քայլի՝ արձանագրությունների չեղարկման ֆոնին: Դժվար է ասել, թե հայկական օրակարգը ինչ տեղ է ունենալու Պուտինի եւ Էրդողանի զրույցի օրակարգում, սակայն հատկանշական է, որ թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան առանձնակի անդրադարձեր ու արձագանք չեն տվել Սերժ Սարգսյանի քայլին, ինչը գուցե ոչ այնքան դրա հանդեպ անտարբերության, ինչքան հակառակի՝ դրա վերաբերյալ համատեղ քննարկումների անհրաժեշտության ցուցիչ է:

Ի վերջո, խնդիրը տվյալ պարագայում չի առնչվում միայն հայ-թուրքական հարաբերության հեռանկարին, հատկապես եթե նկատի առնենք այն, որ վերջին շրջանում Անկարայի հանդեպ բավականին ագրեսիվ դիվանագիտություն է վարում Ֆրանսիայի նոր նախագահը եւ դրանում բավական զգալի տեղ տալիս հայկական հարցին, արել է մի շարք հնչեղ հայտարարություններ այդ կապակցությամբ: Հայկական հարցը գործնականում եղել է այն քիչ հարթություններից մեկը, որտեղ Թուրքիան եւ Ռուսաստանը կարողացել են հանգել պայմանավորվածությունների: Պայմանավորվածություններ, որոնք սակայն ոչ այնքան այդ հարցին են վերաբերել, այլ եղել են դրա հաշվին: Ահա այս տեսանկյունից է, որ ռուս-թուրքական շփումներում մշտապես աչալրջություն է պահանջվում հայկական հարցի կապակցությամբ, հատկապես երբ այն չկա օրակարգում, որովհետեւ այդ դեպքում բավականին բարձրանում է դրա այսպես ասած՝ կուլիսային խաղարկման եւ հատկապես անվերահսկելի խաղարկման հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում