Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ քույրն Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, ապա երեխայի հետ տեղափոխվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Ըստ հաղորդում տվողի՝ նորածինը մահացել է բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով»,- հայտնեցին ոստիկանությունից:

Փաստի առթիվ քննություն է կատարվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կինը ծանր ծննդաբերություն է ունեցել, ընկերքի շերտազատումով:

«Բժիշկներին հաջողվել է փրկել մոր կյանքը, իսկ երեխային ծնվելուց հետո վերակենդանացրել են, ապա տեղափոխել են մեզ մոտ: Երեխան եղել է ծանր վիճակում, անհաս, թոքային լուրջ խնդիրներով, այնուհետեւ զարգացել են այլ հիվանդություններ եւ ցավոք սրտի, փոքրիկը մահացել է»,- ասաց հիվանդանոցի տնօրենը: