«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանից դեպի Վանաձոր տանող միջպետական ճանապարհը թռչնի բարձրությունից դիտելու դեպքում կարելի է մտածել, թե սա հանրահայտ «տետրիս» խաղի արտատպումն է՝ քառակուսի, ուղղանկյունաձեւ սեւ կետերն այդ մասին են խոսում։ Սակայն, երբ դուք ոչ թե վերեւում եք, այլ այդ ճանապարհով գնում եք Տավուշի մարզից Լոռի, ապա մեքենան ստիպված եք լինելու վարել մեկ կենտրոնով, մեկ ձախ կողմով, մեկ՝ լրիվ ճանապարհից դուրս գալով։

Իհարկե, ճանապարհին ՃՈ աշխատակիցների առկայության դեպքում գուցե նրանք դա խախտում համարեն, գուցե՝ ոչ: Բայց այդտեղով դժվար թե ոստիկան անցնի, համենայն դեպս, նման ճանապարհով երթեւեկելը թե վտանգավոր է, թե՝ մեքենայի համար խնդիրներ ստեղծող։

Ու թեեւ փոսերը տեղ–տեղ արված են ճանապարհը սպասարկող ու վերանորոգող ընկերության աշխատակիցների կողմից, սակայն դրանք ո՛չ լցնող կա, ո՛չ էլ՝ առավելեւս ասֆալտապատող։

Նման ճանապարհները անտերության են մատնված։ Դե, գյուղամիջյան ճանապարհ է։ Հավանաբար վարչապետ Կարեն Կարապետյանն այս ճանապարհով չի անցնում։ Թե չէ կհիշեք՝ ինչպես նախորդ տարի նրա՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ գիշերով Հաղարծինի ճանապարհի փոսերն էին ավազով լցնում, որպեսզի հաջորդ օրը վարչապետը հարթ ճանապարհով երթեւեկեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում