ՌԴ գլխավոր դատախազությունը 2002 թվականից ի վեր աշխատում է Միացյալ Թագավորության կողմից 61 մարդու արտահանձման ուղղությամբ, որոնք Ռուսաստանում մեղադրվում են կամ դատապարտվել են տնտեսական հանցագործությունների համար: Այդ անձանց գործողություններից վնասը կես տրիլիոն ռուբլուց ավել է կազմում: Այս մասին կիրակի օրը «ՆՏՎ» հեռուստաալիքի «Իտոգի Նեդելի» ծրագրի եթերում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«2002 թվականից մենք հայտ ենք ներկացնում Մեծ Բրիտանիայի կողմից 61 անձի արտահանձման պահանջով, որոնք Ռուսաստանում մեղադրվում են կամ դատապարտված են տնտեսական հանցագործությունների համար: Ընդ որում, վնասի չափը կես տրիլիոն ռուբլուց ավել է: Սա միայն ուղղակի վնասն է: Արտերկիր դուրս բերված գումարները շատ ավելի են», - ասել է նա:

Չայկան նշել է, որ վերջերս Մեծ Բրիտանիայում ընդունված գույքի ապաքրեականացման մասին օրենքից հետո ՌԴ-ում մեղադրվող շատ ռուսաստանցիներին չափազանց դժվար կլինի բացատրել իրենց ունեցվածքի ծագումը:

«Մենք հույս ունենք, որ այս օրենքը բրիտանական իշխանությունների կողմից կկիրառվի քաղաքակիրթ պետության նորմերին համապատասխան, այլ ոչ թե՝ «թալանիր թալանվածը» սկզբունքով: Այսինքն, նրանք գողացել են Ռուսաստանում, հիմա Մեծ Բրիտանիան ամեն ինչ կվերցնի իր բյուջե: Հանցագործներին կարող են իրենց պահել, սակայն գումարները մերն են»,- եզրափակել է Չայկան:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում «քրեական ֆինանսների» մասին օրենք էր ընդունվել (Criminal Finances Act), ըստ որի սկսում է գործել «անհայտ ծագման հարստության» կալանքի իրավունքը: Այս իրավական գործիքն իշխանություններին թույլ է տալիս սեփականատերերից բացատրություններ պահանջել 50 հազար ֆունտից (ավելի քան 70 հազար դոլար) ավել ցանկացած կասկածելի ակտիվի ծագման վերաբերյալ: Իշխանություններն իրավունք ունեն կալանք դնել գույքի վրա, եթե սեփականատերը չի կարող ապացուցել եկամտի ծագման օրինականությունը: