Lragir.am-ը գրում է.

Սկրիպալի թունավորման միջադեպից հետո Ռուսաստանը նոր խնդրի առաջ է հայտնվել, կապված Արեւելյան Ղութայում, ճակատագրի հեգնանքով Դումա անունը կրող քաղաքում Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման հետ: Արեւմտյան առաջատար երկրները հայտարարում են, որ դրա պատասխանատուն Ասադն ու Ռուսաստանն են: Նրանք սպառնում են ռազմական հարվածներ հասցնել Սիրիայում, եթե այդ տեղեկությունները վերջնականապես հաստատվեն: Իսկ Թրամփը Ասադին կենդանի է անվանել:
Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները եւ պատրաստակամություն հայտնում մասնագետներ ուղարկել այնտեղ:
Արեւելյան Ղութան վերջին շրջանում Սիրիայում ամենաթեժ կետերից մեկն է: Այն գտնվում է Սիրիայի ընդդիմության վերահսկողության տակ, եւ չնայած հայտարարված զինադադարին, Ասադի զորքերն այնտեղ ռազմական գործողություններ են վարում: Ըստ համաշխարհային ԶԼՄ-ների, Սիրիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ եղել է համաձայնություն՝ «Արեւելյան Ղութան Աֆրինի դիմաց»:
Այսպիսով, Մոսկվան մեղադրվում է քիմիական երկու հարձակման մեջ՝ Սկրիպալի գործով եւ սիրիական Դումա քաղաքում: Ինչպես ասվում է՝ կարեւոր չէ ինչ ես արել, կարեւոր է՝ ինչի մեջ ես կասկածվում, կամ մեղադրվում: Ռուսաստանի հարցում շարունակվում է համաշխարհային չարիքի կերպարի կերտումը, որը հեռու տանող նպատակներ ունի:
Հետաքրքիր է, որ քիմիական զենքի մեղադրանքը հայտնվեց Անկարայում ՌԴ, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպմանը եւ Պուտին-Էրդողան հանդիպմանը: Այս հանդիպումից հետո ռուսական փորձագիտական շրջանակները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին համատեղ ուժերով Սիրիայում ԱՄՆ-ին հաղթելու մասին:
Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Թուրքիայի ծրագրերին Սիրիայում, ինչպես նաեւ ամրացնում նրա թիկունքը թե զենքի, թե միջուկային տեխնոլոգիաների տրամադրման տեսքով:
Սիրիայի շուրջ իրավիճակը բարդանում է, քիմիական զենքի այս սկանդալը նոր գործողությունների սկիզբն է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am