Եգիպտոսում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հունա-հռոմեական տաճարի ավերակներ, ներառյալ հիմքի, գլխավոր մուտքի եւ առջեւի ներքին բակի հատվածներ, հայտնում է Science Alert-ը:

Հայտնագործությունը, որը մասնագետներն արդեն նշանակալի են որակել, կատարվել է Եգիպտոսի Արեւմտյան անապատում՝ Ալ Սալյամ տեղավայրում, Միջերկրական ծովի ափից գրեթե 322 կմ հարավ հեռավորությամբ: Պեղումները շարունակող փորձագետներն ասում են, որ մշտապես նոր արտեֆակտներ են դուրս գալիս՝ կավե սպասք, մետաղադրամներ, քանդակներ եւ պատի զարդանախշ սյուներ: Հայտնաբերվել է նաեւ կրաքարից առյուծի 2 արձան:

Սա հազվագյուտ հայտնագործություն է, քանի որ Եգիպտոսում այնքան էլ հաճախ չեն հայտնաբերվում ամբողջական տաճարներ: Դրանից զատ, այն լույս է սփռում Սիվա օազիսի գաղտնիքների վրա, որը եգիպտական ամենամեկուսացված բնակավայրերից մեկն է: Ըստ արտեֆակտների՝ կարելի է որոշել, թե հունական իշխանությունն ինչպես է փոխարինվել հռոմեականով: