ՀՀ նախագահի նստավայրից պետական եւ հոգեւոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար Ազգային ժողովն ապրիլի 9-ին հատուկ նիստ է հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Արդեն իսկ ձեւավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվում պետական եւ հոգեւոր խորհրդանիշները:

Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր:

ՀՀ պետական դրոշը եւ Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Այնուհետեւ ՀՀ պետական դրոշի եւ Նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր:

Նորընտիր նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետեւյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Սերժ Սարգսյանը հեռանում է. ՀՀ 4-րդ նախագահն այսօր կստանձնի իր պաշտոնը. Կառավարությունը հրաժարական կտա