Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

ԱԺ նիստը բացեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա կողքին նստած էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը:

Արա Բաբլոյանն իր բացման խոսքում նշեց, որ Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, գրանցվել է 92 պատգամավոր:

«ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին ՀՀ նախագահ է ընտրել Արմեն Վարդանի Սարգսյանին: ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու եւ երդման նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ հատուկ նիստը հայտարարում եմ բացված»,-ասաց Արա Բաբլոյանը, որից հետո հանդիսավորությամբ ներս բերվեցին ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Վեհամոր ավետարանը ներս բերեց Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, իսկ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը՝ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը:

Այնուհետեւ ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու եւ երդման համար ամբիոնի մոտ հրավիրվեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա ընթերցեց երդման տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:

Այնուհետեւ բոլորը ոտքի վրա ունկնդրեցին ՀՀ պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»:

Երդման տեքստից հետո ելույթ ունեցավ Գարեգին Գ Ամենայն հայոց կաթողիկոսը, որից հետո որպես երկրի նախագահ իր առաջին ուղերձը հղեց Արմեն Սարգսյանը:

ԱԺ հատուկ նիստի ավարտին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց. «ԱԺ-ի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ պաշտոնն ստանձնելու առթիվ: Ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, համոզված եմ, որ դուք ձեր ողջ գիտելիքներն ու կենսափորձը կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանը եւ միասնության ամրապնդմանը, ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը»:

Արա Բաբլոյանի խնդրեց դահլիճից հանդիսավորությամբ դուրս բերել ՀՀ Սահմանադրության մայր օրինակը, պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանշանը:

Սրանով ԱԺ հատուկ նիստն ավարտվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ավարտվում է ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների երկրորդ ժամկետը: Այսօրվանից Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը: Կառավարությունն այսօր հրաժարական կտա, որը ՀՀ նախագահն անհապաղ կընդունի:

Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, իսկ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում:

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։