Հայաստանի վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, ապրիլի 17-ին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ նիստերի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Քանի որ ՀՀ նախագահն ստանձնել է իր պաշտոնը եւ կառավարությունը հրաժարական է ներկայացրել, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի, հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին, ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում»,-ասաց Բաբլոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ից Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման, որտեղ երկրի վարչապետը լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան: ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիազորություններն ստանձնել է ԱԺ հատուկ նիստում, որտեղ հանդես է եկել ելույթով:

Կառավարությունը երեկ հրաժարական է տվել, որից հետո յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կառավարության բոլոր անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը։ Այսինքն թե վարչապետը, թե նախարարները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կմնան պաշտոնակատարներ:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։