Lragir.am-ը գրում է.

«Մենք բոլորից լավ գիտենք ում փոխանցել Աֆրինը: Երբ ժամանակը գա, Աֆրինը կփոխանցենք բնակիչներին», ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը ի պատասխան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ով հայտարարել էր, որ Թուրքիան պետք է Աֆրինը վերադարձնի Սիրիայի իշխանություններին:
Էրդողանը Լավրովի հայտարարությունը սխալ է անվանել՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասել ինչպես գործել Աֆրինում:
Լավրովին պատասխանել է նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։ «Ամբողջ շրջանում «ահաբեկչության» վտանգը վերանալուց հետո ընտրություններով իշխանության եկած կառավարությանը կհանձնենք Աֆրինը», ասել է նա։
Պուտինը վերընտրվելուց հետո շտապել էր Թուրքիա, որտեղ նախ հանդիպել էր Էրդողանին ու պայմանավորվել մի շարք տնտեսական խոշոր նախագծերի շուրջ, ապա մասնակցել Էրդողան-Պուտին-Ռոհանի ձեւաչափով նիստին, Սիրիայի խնդիրներով:
Իրանը նույնպես պահանջում է Աֆրինը վերադարձնել Սիրիայի, այսինքն՝ Ասադի կառավարությանը: Էրդողանի ու Ջանիքլի պատասխաններից երեւում է, որ նման մտադրություն Անկարան չունի, իսկ Սիրիայում ընտրություններից հետո Ասադի հեռանկարը խիստ մշուշոտ է թվում: Եթե իհարկե ընտրություններ լինեն մոտ ապագայում:
Պուտինի այցի շրջանում Էրդողանի խորհրդականը հայտարարել էր, թե Թուրքիան Սիրիայում առանց Ռուսաստանի թույլտվության ոչ մի գործողություն չի անում: Աֆրինի գործողությունը Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի գործարքն էր, որն ուղղված էր քրդերի դեմ: Հնարավոր է, որ պայմանավորվածության երկրորդ կետով, քրդերին վտարելուց հետո, Անկարան պետք է Աֆրինը վերադարձներ Ասադին, ինչն էլ հիշեցնում են Մոսկվան ու Թեհրանը: Սակայն Թուրքիան հրաժարվում է դրանից:
Այսպիսով, Պուտինի հեռանալուց հետո Անկարան կրկին «դաշույն է խրում» Մոսկվայի մեջքին, ինչպես ժամանակին ասել էր Պուտինը ռուսական օդանավի խոցումից հետո: Բայց ռուսները կուլ տվեցին դա, ավելին, արդարացրին թուրքերի գործողությունը: Կուլ կտան նաեւ այս մեկը:

Չի բացառվում իհարկե, որ Մոսկվայի ու Թեհրանի պահանջն իրենց դաշնակցի՝ Ասադի առջեւ սեփական դեմքը պահելու փորձ է, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
Թուրքիան մանեւրում է, եւ եռյակ ֆորմատում փաստացի իրեն է ենթարկել Մոսկվային ու Թեհրանին, որոնք եթե փորձեն խանգարել, այդ դեպքում Թուրքիան ունի Արեւմուտքի պահեստային տարբերակը: Առավել եւս, որ Արեւմուտքը հայտարարում է Ասադի ռեժիմի դեմ հարվածների մտադրության մասին, իսկ Իսրայելը հարված է հասցրել իրանական ուժերին:
Սիրիական խաղում Մոսկվան ու Թեհրանը հայտնվել են բավական բարդ, եթե չասենք նվաստ վիճակում, թուրքերի հետ գործարքների գնալու պատճառով: ԱՄՆ-ն ամեն ինչ արեց եռյակը Ռուսաստանին «ենթարկելու» համար, բայց ռուսները նույնիսկ դրան ընդունակ չեղան:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am