Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կալանավորել է 56-ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանին, որը քրեական շրջանակներում ավելի հայտնի է որպես Բջե: Նա մեղադրվում է խոշոր չափի թմրանյութերի պահպանման համար, հաղորդում է «Պրայմ Կրայմը»-ը:

Վարդան Ասատրյանը ձերբակալվել է ապրիլի 6-ին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Անհատական զննության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել եւ բռնագրավվել է 15 գ հերոին: Եթե նրա մեղքը ապացուցվի, նա մինչեւ 10 տարվա ազատազրկման կդատապարտվի:

Ըստ հրապարակման՝ Բջեն օրենքով գողի կոչումից զրկվել է 2008-ին Դեդ Հասանի կողմից փրկագնի նպատակով երեխաներին առեւանգելու համար: Սակայն Բջեն այդպես էլ իր մեղքը չի խոստովանել: Հասանի սպանությունից հետո նա փորձել է վերականգնել իր իրավունքները, սակայն Սերգեյ Ասատրյանի դիմադրությանն է արժանացել, որը մյուս գողերի ներկայությամբ ծեծել է նրան:

Չնայած դրան՝ ըստ տեղեկությունների, 2015-ի հունվարին Բջեն «օրենքով գողերի» երեւանյան ժողովի պատվիրակների թվում էր, որոնց հավաքել էր Շաքրո Մոլոդոյը: Դրանից հետո Բջեի կարգավիճակը որեւէ փոփոխություն չի կրել: