«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ: Եթե մինչեւ հիմա «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքներին եւ երթերին ոստիկանները չէին միջամտում, անգամ բացահայտ չէին հսկում, հիմա որոշել են այլ կերպ վարվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններն անհանգստացած են ե՛ւ այս նախաձեռնությունների, ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անհնազանդությանը միտված հայտարարություններից: Սա հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ ներկայացուցիչները հայտարարել են խորհրդարանում վարչապետի ընտրության օրը ԱԺ շենքը շրջափակելու մասին:

Պատահական չէ, որ երեկ ոստիկանությունը հատուկ գործողությունների է դիմել եւ Մաշտոցի պողոտան բացել այնտեղ վրան խփած ցուցարարներից: Ճիշտ է` նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ տեղափոխել ուրիշ վայր, սակայն ակնհայտ է ոստիկանական միջամտությունը:

Բացի այս` իշխանությունները պատրաստվում են ողջ ուժերը կենտրոնացնել այսօր եւ ապրիլի 17-ին կայանալիք հավաքների մասնակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկաններին հանձնարարված է հետեւել ակցիայի մասնակիցներին, լուսանկարել, որպեսզի նրանց վրա հետագայում ազդելու միջոց ունենան՝ ապրիլի 17-ին անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում