«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, երեկ բավական բազմամարդ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում:

Ավելին` երեկվանից նրանք սկսեցին շուրջօրյա հանրահավաքների շարքը՝ նստացույց անելով հենց Ֆրանսիայի հրապարակում՝ փակելով Բաղրամյան-Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցները: Այսօր էլ նրանք պատրաստվում են շրջափակել Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ գլխավոր գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում:

Միայն թե, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀԿ-ում որոշել են խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձոր քաղաքում: Պարզ է` իշխանությունները վախեցել են հնարավոր անախորժություններից ու բախումներից եւ որոշել են նման խորամանկությամբ խափանել իրենց որոշման դեմ պայքարելու մասին հայտարարած ուժերի ծրագիրը: Ի վերջո, իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել, մեծ գումարների ակնկալիք ունեն, դրա համար էլ փորձելու են զերծ մնալ անախորժություններից` ձեւացնելով իրենց «ժողովրդավար» եւ «հանդուրժող»:

Միայն թե պարզ չէ՝ ինչպես իրենց կպահեն իշխանությունները ապրիլի 16-ին կայանալիք ԱԺ նիստի օրը, երբ ընդդիմադիր ուժերը, ինչպես եւ հայտարարել են, որոշեն շրջափակել ԱԺ շենքը` խափանելու վարչապետի ընտրությունները: Այս դեպքում էլ իշխանություններն ԱԺ նիստը կանցկացնեն ուրի՞շ քաղաքում, թե՞, այնուամենայնիվ, կհամարձակվեն մնալ Երեւանում ու ճանապարհ բացելու համար հարկ եղած դեպքում գնալ բախումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում