«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը երեկ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները չորսօրյա շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։

«Իմ Քայլը» նախաձեռնությունից բացի, նույն պահանջով բողոքի ակցիաներ են անցկացրել եւ անցկացնելու նաեւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Ինչ ընթացք եւ ավարտ կունենան բողոքի այս ակցիաները, բնականաբար, դժվար է ասել։

Ակնհայտ է, իհարկե, որ հաջողության հասնելու, այսինքն՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու տարբերակը չափազանց անհավանական է, իսկ իրականում՝ անհնարին։ Համենայնդեպս, անցած երկու շաբաթներին այս նախաձեռնությունների կազմակերպած բազմաթիվ բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ քաղաքացիները չեն արձագանքում այս միավորումների կոչերին, տասնյակ-հազարներ չեն լցնում հրապարակը։

Իհարկե, երեկ Ազատության հրապարակը բավական բազմամարդ էր, սակայն դա մեղմ ասած հեռու է կրիտիկական զանգվածի գեներացման համար անհրաժեշտ նվազագույն քանակից:

Այդ երեւույթի պատճառները բազմաթիվ են, մեղավորները՝ նույնպես։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք փողոցային պայքարը միջոցի փոխարեն նպատակի վերածած ընդդիմադիր ուժեր ու քաղաքացիական նախաձեռնություններ, որոնց պայքարը դժվար է քաղաքական օրակարգ անվանել, ունենք հանուն իշխանության պահպանման ու վերարտադրության՝ գրեթե ամեն ինչի պատրաստ իշխանություն, եւ ունենք գրեթե կատարյալ ապատիայի ու անտարբերության մեջ ապրող հասարակություն, որն իշխանությանը տվել է այսօր այդպես վարվելու մանդատը՝ անցած տարվա ընտրություններում այդ մանդատը վաճառելով 10 հազար դրամով։

Շատ է խոսվել այն մասին, որ ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է կարողանար հասարակությանը ներկայացնել այլընտրանք, որն ավելին կլիներ մարդկանց համար, քան 10 հազար դրամը։ Անցած տարվա ընտրություններում Ազգային ժողովի «Ելք» դաշինքի ներկայացրածն այլընտրանք որակվեց շուրջ 120 հազար քաղաքացիների կողմից, մյուսները գերադասեցին 10 հազար դրամը։

Անցած մեկ տարվա ընթացքում «Ելք» դաշինքը ոչ միայն չավելացրեց իրենց այլընտրանքը 10 հազար դրամից նախընտրածների տեսակարար կշիռը, այլ իր գործողություններով վստահաբար նվազեցրեց այն։ Ու այս պայմաններում սպասել, որ փողոցային պայքարով հնարավոր է կանխել անցած ընտրություններում հասարակության վաճառած մանդատով իշխանության պահպանումը, մեղմ ասած, միամտություն է, կամ, ինչպես ժամանակին ռուս փորձագետներից մեկն էր եռյակի պայքարի առիթով բնորոշել՝ կլոունադա։ Ի թիվս այլ բացասական հետեւանքների, դրա ամենամեծ վնասներից մեկն այն է, որ այդպիսով հնարավորություն է տրվում իշխանությանը ներկայանալ որպես ավելի քաղաքական ու ավելի ինստիտուցիոնալ կառույց, ինչը միայն ու միայն նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը։

Կար ժամանակ, երբ Հայաստանում քաղաքական օրակարգը թելադրում էր փողոցը, երբ հանրահավաքային հարթակը շատ ավելի ծանրակշիռ քաղաքական ամբիոն էր, քան խորհրդարանն ու մնացած բոլոր ամբիոնները միասին վերցրած։

Իհարկե, այդ ժամանակների պայքարները եւս հաջողությամբ չպսակվեցին, այդուհանդերձ, դրանք ունեին հստակ քաղաքական բովանդակություն ու հասարակության մեծ աջակցություն։ Այսօր բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Փողոցն արդեն ոչ թե քաղաքական օրակարգ թելադրող է, այլ իշխանության օրակարգին արձագանքելու ու զանազան, երբեմն՝ շատ կրեատիվ ֆլեշմոբեր իրականացնելու միջոց։ Ֆլեշմոբը Հայաստանում փոխարինել է քաղաքականությանը։

Ավելի մեծ նվեր իշխանությանն անգամ ինքը՝ իշխանությունը, չէր կարող երեւակայել, քանի որ քաղաքականության բացակայությունը Հայաստանի գործող իշխանության հիմքերի հիմքն է։ Այդ իմաստով, Ազատության ու մնացած հրապարակներում երեկվանից եզրափակիչ փուլ մտած բոլոր գործողությունների ամենամեծ շահառուն Սերժ Սարգսյանն է, որի անունն այսօր ամենաշատն ու ամենաբարձրն է հնչում փողոցում։ Նա Ազատության հրապարակում է՝ նոմինալ առումով՝ որպես պայքարի թիրախ, իրականում՝ որպես պայքարի արդյունքի հասցեատեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում