Գիշերը Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, սակայն մի փոքր սադրանք է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «ԵԼք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմեց, որ ինչ-որ մեկը գիշերը եկել է, հայհոյել է, մյուս կողմն էլ վիրավորված հարվածներ է հասցրել, ծեծկռտուք է եղել:

«Մենք չենք ճանաչում ոչ մի կողմին: չգիտենք, ովքեր են եղել: Ես այդ ժամանակ վրանում քնած եմ եղել, չեմ իմացել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել, բայց դատապարտում եմ ցանկացած բռնություն: Որեւէ մեկը, եթե բռնություն է կիրառում, նա մեզ հետ որեւէ կապ չունի եւ որեւէ արդարացում չունի: Եթե որեւէ մեկը բռնություն է կիրառում, նա մեզ հետ չի, նա սադրիչ է:

Մենք ասել ենք, որ մեր գործողություններում պետք է բացառենք բռնությունը: Ոստիկանությունը, իշխանությունը կարող է 1000 մարդ ուղարկել խմած-չխմած, նրանք կարող են գալ այստեղ, լկտի պահել իրենց, ամենավերջին հայհոյանքները տալ, ցանկացած գործողություն անել, բայց ես ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի՝ որևէ պարագայում, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօր 14.00-ին հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: Այնուհետեւ 16.30-ին ավտոերթով կուղեւորվեն Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ արտագնա նիստը:

«Մենք հայտարարել էինք, որ պաշարելու ենք ՀՀԿ գրասենյակի շենքը, սակայն ՀՀԿ-ականներն իմանալով իրենց պլանների մասին, արտագաղթել են Ծաղկաձոր: Սակայն դա նրանց չի փրկի եւ իրենք ավտոերթով կուղեւորվենք Ծաղկաձոր»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է. մասնավորապես, փակ է Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բաղրամյան-Մոսկվյան փողոցների հատվածները, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը, Սայաթ-Նովա փողոցի հատվածը, Հյուսիսային պողոտայի հատվածը։ Երեկ հանրահավաքը Ազատության հրապարակից տեղափոխվել էր այստեղ: Ֆրանսիայի հրապարակը այժմ էլ բոլոր կողմերից շարունակում է շրջապատած մնալ նստարաններով: Ցուցարարները վրաններ են տեղադրել գիշերելու համար, նաեւ վառարան են բերել, թեյնիկ, սնունդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: