Ծաղկաձորում, այսօր՝ ապրիլի 14-ին, տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ, որտեղ որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին հզոր ավտոերթ կիրականացվի դեպի Ծաղկաձոր. դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Փաստորեն, ՀՀԿ խորհրդի նիստն արդեն կայացել է: