Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հնչում է երաժշտություն, տեղադրված են վրաններ, մարդիկ դեռեւս չեն պատրաստվում լքել հրապարակը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մի խումբ ընկերների հետ շրջում է հրապարակում։ Ընդհանուր առմամբ, ակցիան հանգիստ է անցնում։ Այստեղ է նաեւ Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին ցույցին մասնակցում էին նաեւ դերասան Սերգեյ Դանիելյանը, երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը։

Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ այսօր գլխավոր դատախազության հայտարարությանը, ըստ որի, դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը Նիկոլ Փաշինյանի եւ նրա աջակիցների կողմից նախօրեին ԵՊՀ-ի շենք, իսկ այսօր արդեն Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստի հետ կապված նյութեր նախապատրաստել եւ չի բացառվում նաեւ քրգործի հարուցումը։

«Մենք մեր գործողություններն արել ենք տասնյակ տեսախցիկների առջեւ եւ կրում ենք մեր քայլերի ամբողջ պատասխանատվությունը։ Մենք չենք եկել այստեղ կատակ անելու։ Մենք լրջագույն օրակարգ ենք առաջ քաշել, մենք ասել ենք, որ թույլ չենք տալու, որ որեւէ մեկը ՀՀ քաղաքացիներին մեղմ ասած միամիտի տեղ դնի։ ՀՀ քաղաքացին իր բողոքն արտահայտել է խաղաղ, քաղաքացիական անհնազանդության բոլոր ձեւերով։ Դուք տեսել եք, որ եւ ոստիկանների, եւ ԵՊՀ անվտանգության ծառայության ղեկավարի նկատմամբ ցույց ենք տվել բացառիկ հարգալից վերաբերմունք։

Այո, մենք մեր գործողություններում կոշտ ենք, որովհետեւ մենք չենք եկել այստեղ ուղղակի ճառեր ասելու, եկել ենք գործողություններ անելու։ Մենք մարդկանց խոստացել ենք, որ վճռական քայլեր ենք ձեռնարկելու եւ որեւէ մեկը չի կարող մեր վճռականության վրա կասկածել։ Այդ քայլերը շարունակվելու են այնքան, որքան քաղաքացիների քաջալերանքը դրանք ունեն»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ հրաժեշտից առաջ ԵՊՀ անվտանգության ծառայության ղեկավարը տեսախցիկների առջեւ խոստացավ, որ մասնակցելու է ընդդիմության հանրահավաքին։

«Ոչ անվտանգության ծառայության ղեկավարը, ոչ այսօրվա ոստիկանները, որոնք իրենց ծառայողական պարտականությունն էին կատարում, չեմ կարծում, որ որեւէ մարդկային վիրավորվածություն կամ նստվածք մնացել է։ Իսկ մնացածը ծառայական հարցեր են, հայտարարություններ են, քրեական գործեր են, հետաքննություն ու նախաքննություն է, այդ ամենով մեզ չեն վախեցնի»,-ընդգծեց Փաշինյանը։

Հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է ցույցերին մասնակիցների քանակը, ՔՊ առաջնորդը պատասխանեց. «Դեռ երկրաչափական պրոգրեսիայով մասնակիցների թիվը չի աճում, բայց շարժումը թափ է հավաքում եւ հույս ունեմ, որ առաջիկա օրերին կլինի նաեւ երկրաչափական պրոգրեսիայով աճ։ Վերջին տարիների համար աննախադեպ է, բայց դեռ չենք կարող ասել, որ հավաքվում է կրիտիկական զանգված»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: