Ցուցարարները փակել են Երեւանի մի շարք փողոցներ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փակվել են Արշակունյաց փողոցը, Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցները Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները:

Նշենք, որ փողոցները փակելիս ցուցարարները փոքր վիճաբանություններ են ունենում վարորդների հետ, որոնք պահանջում են բացել ճանապարհը եւ թույլ տալ իրենց անցնել:

«Մեր կողմից արգելափակումներ տեղի ունեցան ոչ այնտեղ, որտեղ հայտարարված էր: ՀՀԿ-ականների տները շրջափակելու ծրագրերն ուժի մեջ են: Թե դրանցից որը կիրականացնենք, կախված է ժողովրդի աջակցությունից»,-ասաց նա:

Ոստիկաններն իրենց հերթին արգելափակոցներ են տեղադրել ու փակել Բաղրամյան փողոցը, որպեսզի ցուցարարները չկարողանան վեր բարձրանալ:

Փաշինյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց կուսակցության մի քանի ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ. «Հիմա նրանք հաճելի ժամանակ են անցկացնում ոստիկանության բաժիններում»:

Նշենք, որ ցուցարարները փորձել են փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չի հաջողվել, իսկ «Բաղրամյան» կայարանում մետրոյի գնացքը կանգառ չի կատարում: Կայարանին հարակից Դեմիրճյան փողոցում կուտակված են մեծաքանակ ոստիկանական ուժեր։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: