Ցուցարարները փակեցին նաեւ Խանջյան փողոցը. նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նստեցին փողոցում:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն կարող են ձերբակալել, Փաշինյանը պատասխանեց. «Ինձ կձերբակալեն միայն այն ժամանակ, եթե ՀՀ քաղաքացին չի ուզում հաղթել»:

Նա նշեց, որ արդեն մի քանի անգամ բացել են ոստիկանական շղթան, բայց բախում չի եղել. «Մենք քաղաքակիրթ ձեւով շղթան ճեղքեցինք, եթե մեզ խփեն, մենք չենք պատասխանելու, մենք առաջ ենք գնալու»:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա եւ հավելել. «Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երեւանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: