Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 02:50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ խումբը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գուսան Շերամի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «МАЗ» մակնիշի վերամբարձ կռունկին:

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (36-ամյա Մարատ Հ.) եւ երկու դի (26-ամյա Անդրանիկ Դ., մյուսի ինքնությունը չի հաջողվել պարզել) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Մարատ Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են ավտոմեքենան եւ դուրս բերել դիերը: