Համակարգի փոփոխությունը մեկ անձով չի պայմանավորված եւ եթե մեխանիզմից մի փոքր դետալ հանում ես, այն արագ փոխարինվում է. սա համակարգային խնդիր է, որի մեղավորներից մեկն էլ ժողովուրդն է, որը ընտրությունների օրը վերցնում է գումար եւ ձայնը տալիս է նրան, ում չի ուզում տալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Հայկ Մարությանը (կարգին Հայկո) (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, սա նոր խնդիր չէ. «վերջինը Ազգային ժողովի ընտրություններն էին, որի արդյունքները ես չեմ ընդունում, որովհետեւ իշխող կուսակցությունն այդքան ձայն չի հավաքել: Այսինքն այսօրվա խնդիրը այսօրվա օրով չի, այնտեղից է գալիս: Քանի դեռ տակը խնդիր կա, վերեւում խնդիրներ են լինելու: Ես միշտ ներկա եմ լինում այն պրոցեսներին, որոնք կարծում եմ, որ մեր պետությունն առաջ են տանում»,-ասաց Մարությանը՝ հավելելով. «Եթե այսքան մարդ աշխատանքային օրով դուրս է գալիս փողոց եւ ասում է՝ ես ինչ-որ բանի հետ համաձայն չեմ, դա շատ կարեւոր է: Այսինքն մեր ազգի իմունիտետը լրիվ վերացած չի: Մենք տեսնում ենք, որ ազգի իմունիտետը բարձրանում է, դա է շատ կարեւոր: Ժողովուրդը չի կարող հուսահատվել, իրավունք չունի, պրոցեսները պետք է ընթանան: Պետությունը պետք է կայանա, սա երկար պրոցես է»:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: