Բաղրամյան պողոտայում բախում տեղ ունեցավ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական արգելապատնեշներն ու ոստիկաններին ու հասան Սահմանադրական դատարանի մոտ, որտեղ փշալարեր են տեղադրված:

Մինչ այդ բանակցություններ էին ընթանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ, որպեսզի բացեն ոստիկանական արգելապատնեշը:

«Ձեր եւ ձեր խմբակցության երեք պատգամավորներին թույլ կտանք գնալ Ազգային ժողով,-ասաց Օսիպյանը:

Ի պատասխան Փաշինյանը պատասխանեց. «Ոստիկանները չեն կարող ինձ հետ պայման դնել, թե ինչպես գնամ իմ աշխատանքի վայր: Ես եմ գնում, նաեւ լրագրողները, նաեւ այն մարդիկ, որոնք իմ մոտ ընդունելության են: Քաղաքացիները դիմումներով ինձ են դիմել, բոլորին պետք է ընդունեմ»:

Վալերի Օսիպյանը նշեց, որ դա հնարավոր չէ, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Այդպես լինելու է»:

«Դուք էինք ասում, որ ձեր նախաձեռնությունը դեմ է սադրիչ գործողություններին, բռնությանը: Դե հրեք, գցեք գետնին ինձ ու մյուս ոստիկաններին ու գնացեք. պատնեշը չի բացվելու, պարոն Փաշինյան: Բախմա՞ն եք տանում, ի՞նչ եք շահելու: Մենք հանգիստ կանգնած ենք, դուք եք եկել»-ընդգծեց Օսիպյանը:

«Դուք չեք կարող ասել, թե ես որտեղից անցնեմ»,-ասաց Փաշինյանը եւ անցավ արգելապատնեշի վյրայից:

Այդ պահին հրմշտոց սկսեց, եւ ցուցարարները ճեղքելով շղթան բարձարացան Բաղրամյան պողոտայով:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Այդ գործողությունները որեւէ մեկին որեւէ վնասի եւ ռիսկի տակ չեն դնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: