System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերջին օրերին Երևանում «Քայլ արա Մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիաների առնչությամբ:
«Վերջին անգամ ես Հայաստանում եղել եմ անցյալ տարի իմ ընկերներ՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի և Էրիկ Նազարյանի հետ, որպես դիտորդ ներկայացնում էինք «Արդարադատությունը Հայաստանում» դիտորդական առաքելությունը: Մենք գիտակցում ենք, որ մեկկուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ: Պուտին-Մեդվեդևի սցենարի համաձայն՝ նախկին նախագահը (նորը, վերջերս խորհրդարանի կողմից նշանակվեց) փոխեց իր մտադրությունը և որոշեց այս անգամ էլ վարչապետի պաշտոնով վերաստանձնել իշխանությունը»,- գրում է նա:
Նա նշում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանի պատճառաբանությունը, թե առկա է ազգային անվտանգության պահպանման խնդիր, հավատ չի ներշնչում՝ նշելով, որ այդ դեպքում նա կարող էր ընդամենը պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնել:
«Բողոքի ցույցերը սկիզբ առան խորհրդարանի միակ ընդդիմադիր՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ, որը կոչ արեց փողոցային բողոքների և շրջափակումների միջոցով դադարեցնել այս ամենաթողությունը: Կառավարողի և կառավարվողի միջև համաձայնությունը Հայաստանում երկար ժամանակ է ինչ խաթարված է, և ներողամտությունը փոխարինվել է հույսով: Ընտրությունները վերածվել էին մեծածախ առուվաճառքի, ընտրաձայնը վաճառվում էր 20 դոլարով: Ես գնահատում եմ, այն որ ցույցերը խաղաղ են ընթանում, քանի որ այս դատարկված հանրապետությունը չի կարող արյունահեղություն թույլ տալ: Իսկ երկիրը չի գիտակցի իր լիակատար ներուժը, մինչև քաղաքացիները զանգվածային գործադուլ չհայտարարեն իրենց իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, այդպես եղավ Ղարաբաղյան պատերազմի նախօրեին, երբ մարդիկ հակադրվեցին իրենց համար կանխորոշված ճակատագրին, և բացականչեցին «Մենք չենք ուզում ներգրավված լինել որևէ գերտերության կեղտոտ խաղերում, գունավոր հեղափոխություններում: Մենք ասում ենք ոչ կոռուպցիային և թալանին»:
Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում դրան: Դա պատմության ամենահզոր զենքերից մեկն է: Իմ սիրտը և սերը բոլոր նրանց հետ է, ովքեր պայքարում են բարգավաճ ապագայի համար, գրել է նա: