Մի խումբ ակտիվիստներ ինքնաբուխ փակում են Երեւանի կենտրոնի փողոցները։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները փակել են Թումանյան-Աբովյան խաչմերուկը, ապա երթով շարժվել Հյուսիսային պոտղոյաով, որտեղ փորձել են փակել Հանրապետության հրապարակը։ Այս պահին նրանք փակել են նաեւ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։ Որոշ դեպքերում թեթեւ ընդհարումներ եւ լեզվակռիվներ են լինում վարորդների ու ակտիվիստների միջեւ, սակայն լուրջ բախումներ չեն գրանցվել։

Ինչպես քիչ առաջ նշել է Նիկոլ Փաշինյանը, իրենք այդ գործընթացը չեն վերահսկում, մարդիկ ինքնաբուխ, ցանցային մեթոդով են փակում փողոցները։

Նշենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել է վաղվա գործողությունների պլանը՝ բոլոր ուղղություններով շրջափակել ԱԺ շենքը եւ խափանել հատուկ նիստը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։