Ժամանակին ասում էիք գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը: Ասում էիք անվստահության պատերը քանդել է պետք: Քանդեցի՞ք էդ անվստահության պատերը, Սերժ Սարգսյանի վարչապետական թեկնածության խորհրդարանական քննարկմանը հայտարարել է ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Արամ Զավենի Սարգսյանը:
Էդ անվստահության պատերը հենց հիմա էս շենքի դիմաց դրված են, հայտարարել է Արամ Սարգսյանը, ասելով, թե ոչ ոք չի խոսում էդ մասին, կարծես Հայաստանը այս դահլիճն է եւ Հայաստանի դահլիճից դուրս Հայաստան չկա:
Բա փոխանցեիք, էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: «Վերջիվերջո, իսկապես, որպես մարդ ուզում եմ հարցնել, վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հիմա նախագահից նորից վարչապետ: Էս դեժավյուից չեք հոգնե՞լ էսքան տարի», հայտարարել է Արամ Սարգսյանը, հիշեցնելով ելույթը, որեղ Սերժ Սարգսյանը ասում է, թե ճիշտ չէ երրորդ ժամկետով երկիր ղեկավարելը:
Ըստ Արամ Սարգսյանի, վարչապետ գնալու որոշումն էլ Սերժ Սարգսյանը կայացրել է ոչ թե որովհետեւ ՀՀԿ-ն է խնդրել, այլ որովհետեւ համարել է, որ Եվրասիական միության գործընկերներից ոչ մեկից չի տարբերվում:
«Եվ, վերջին բանը, իսկապես ես գտնում եմ, որ կառավարական էս դաչա կոչեցյալը, էդ տարածքը որ կա, ձեզնից հետո էնտեղ էլի վարչապետ է լինելու, թողեք թող էդ մարդիկ գան էնտեղ ապրեն: Ինչու՞ եք մնացել էդտեղ: Ազգային անվտանգության շենքի էն վերեւում բան կար, հիշում եմ 99 թվականին էդ ուզում էիք, գնայիք էնտեղ էլի: Ձեզանից առաջ էդքան ղեկավարներ են եղել, եկել գնացել են, որեւէ մեկը չի բան արել մնալու: Ինչու եք էդ բաներն անում, որ էսօր հանրությունն էս վիճակին լինի», հայտարարել է Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, էն, ինչ որ տեղի է ունենում այսօր փողոցում, իրենցից յուրաքանչյուրի մեղքն է: Նա հայտարարել է, որ ելքը թե փողոցում է, թե դահլիճում, միայն փողոցում կամ միայն դահլիճում ելք չկա: Նրա խոսքով, եթե կանեն հետեւություններ, ապա Հայաստանը առաջ կգնա, եթե ոչ, ապա կրկին լինելու են Մարտի 1-եր ու ապրիլի 12-եր: