«Քայլ արա» նախաձեռնության մասնակիցները շրջափակել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի շենքի մուտքը: Այս պահին շրջափակված են նաեւ գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՊԵԿ-ի եւ կառավարական մի շարք այլ հաստատությունների շենքերի մուտքերը:

Նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման ակցիաներ իրականացվում են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում:

«Իջեւանում դասադուլ է, Չարենցավանում, Կապանում եւ մի շարք այլ քաղաքներում, սա նշանակում է, որ երկրում հաստատված է հեղափոխական իրավիճակ, եւ մենք ցանկանում ենք այն հասցնել ավարտին: Մենք 18:30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք ենք կազմակերպում եւ հույս ունենք, որ այն կլինի ամենամարդաշատ հանրահավաքը: Կեցցե՛ ժողովրդական հեղափոխությունը, որ սկսվել է այսօր Հայաստանում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին կոչ անելով գալ եւ մասնակցել հանրահավաքին:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասը ոստիկանները փշալարերով փակել են, լուսաձայնային նռնակներ են տեղադրել, ցուցարարներին թույլ չեն առաջ շարժվել: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 59-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով. այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները: