«Ինչքան էլ ասեք՝ չէ չենք տվել 10 հազար դրամ, նույն բանն ասում եք կոռուպցիայի մասին՝ չկա կոռուպցիա: Կարող եք ասել, բայց դրանից բա՞ն է փոխվում»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի ժամանակ ասաց Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա դիմեց Սերժ Սարգսյանին. «Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք այդ գաղջ մթնոլորտը, ցրվա՞ծ է: Ասում էիք՝ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են: Այդ անվստահության պատերը այ հենց հիմա այս շենքի դիմացը դրված են: Որևէ մեկը չի խոսում այն մասին, թե այս դահլիճից դուրս ինչ է կատարվում: Կարծես Հայաստանը միայն այս դահլիճն է: Հայաստանը ելք ունի, ելքն այդ դահլիճում չէ, նաև դրսում է: Եթե մենք դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու: Ասում եք՝ ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին: Բա այսքան տարի իշխանության մեջ էիք, փոխանցեցի՞ք: Այնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ ի վերջո, որպես մարդ, ուզում է Սերժ Սարգսյանին հարցնել՝ վարչապետից դարձավ նախագահ, նախագահից՝ նախագահ, հիմա նորից վարչապետ, չի հոգնե՞լ:
«Էս դեժավյուից չեք հոգնե՞լ: Ձեր էն ելույթը, երբ ասում էիք, որ երրորդ ժամկետ գնալը ճիշտ չեք համարում, ինձ ավելի համոզիչ էր թվում: Ես տպավորություն ունեմ, որ Դուք այս երրորդ ժամկետ գնալու որոշումը կայացրել եք ոչ թե նրա համար, որ Ձեր ՀՀԿ-ական ընկերներն են խնդրել, Դուք դա կայացրել եք, որովհետև Եվրասիական տնտեսական միության երկրներում Ձեր ընկերներից ոչ մեկը չի փոխվում, որովհետև համարել եք, որ Դուք նրանցից չեք տարբերվում»,- ասաց նա: