ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո իր խոսքում արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երեք խորհուրդ տվեց «Ելք» խմբակցության պատգամավորներին:

«Իրոք խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից: Պետք է ունակություն ունենալ լսել: Այդ բարդույթը դրսեւորվեց այստեղ, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց պատասխան ստանալու ակնակլիքներով: Ձեր հարցադրումները, որ հնչեցին այստեղ, չէին ակնկալում պատասխաններ եւ դա վատ է:

Սա նաեւ ձեզ համար օգտակար կլինի, իրոք տեղյակ լինեք իրավիճակին: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհում հրճվելու բարդույթ ունենալու մեջ, բայց այդ բարդույթը, աչքիս, կարծես ավելի շատ ձեզ է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, չունենալով իրավունք դուք եք խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով, որ վերջ, սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ անհատն իրավունք չունի ժողովրդի անունից: Ժողովրդի անունից՝ իրավունք ունի խոսելու միայն քաղաքական մեծամասնությունը: Երբ սովորենք հարգել Սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երկրորդ խորհուրդը, ըստ Սարգսյանի, ուղղված էր «Ելք»-ի երիտասարդ պատգամավորներից մեկին (ըստ ամենայնի դա վերաբերում էր Գեւորգ Գորգիսյանին)

«Իմ քաղաքական երիտասարդ գործընկերը մեծ քաղաքական ամբիացիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարզիմի կանոններով: Սա դատարան չի, որ դատավճիռներ են հնչում: Այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը եւ լավի, եւ վատի համար: Եթե ձեզ թվում է, որ 1992 թվականից էլ հետ ենք գնացել, ի՞նչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք:

Բայց գիտակցեք, որ սա խորհրդարան է, որտեղ օրենքներ են ընդունվում, բայց ոչ երբեք դատավճիռներ»:

Իսկ երրորդ խորհուրդը վերաբերում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանին:

«Բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից խորհրդարան բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ ցուցարարները պետք է գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցնումներն ու պատկերացումներն են: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե այդպես լիներ, հիմա փողոցներում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին: Իսկ քանի՞ մարդ է մասնակցում ցույցերին: Բայց ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ, ոչ էլ մեղադրանք»:

Նշենք, որ վարչապետի քվեարկության ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 77, դեմ՝ 18 պատգամավոր: