Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Չարենցի փողոցի կողմից հասան Երեւանի պետական համալսարան, որտեղ որոշեցին 20 րոպե կանգնել: «Այստեղ՝ ԵՊՀ-ի ռեկտորատի դիմացի հատվածում, մի փոքր հավաք կանենք 15-20 րոպե եւ կշարունակենք մեր երթը»,- հայտարարեց Փաշինյանը եւ կոչ արեց ուսանողներին դասադուլ հայտարարել ու միանալ իրենց պայքարին:

Ցուցարարները մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք եւ դուրս եկան գլխավոր մուտքի մոտ՝ Ալեք Մանուկյան փողոցի կողմից:

Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները»: Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։

Նշենք, որ երեկ բերման է ենթարկվել 86 քաղաքացի, որոնք, ըստ ոստիկանության բոլորն ազատ են արձակվել:

Բացի այդ, երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով եւ մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։ Փաշինյանը հայատարել է, որ դրանք սադրիչներ են, իրենց հետ կապ չունեն: