Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունից հետո, որ արդեն մի քանի օր ծավալում է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կամ դրա առիթով, հնարավոր է հաճախ հանդիպել գնահատականների, թե Փաշինյանին հաջողվեց հանրությանը հանել հուսահատությունից, անտարբերությունը հաղթահարել, դուրս բերել ապատիայից:
Հանրության այդօրինակ վիճակների վերաբերյալ գնահատականները հնչել են պարբերաբար, որով բացատրվել են հանրահավաքների, բազմամարդ ակցիաների, հետընտրական գործընթացների բացակայությունները: Եվ ահա այժմ էլ գնահատվում է, որ Նիկոլին հաջողվեց հանել հանրությունն ապատիայից, հաղթահարել հիասթափությունն ու անտարբերությունը, այսպես ասած արթնացնել հանրությանը:
Իսկ ո՞վ ասաց, թե հանրությունը քնած էր, հիասթափված, ապատիայի մեջ: Իսկ ո՞վ ասաց, որ եթե հանրությունը որեւէ քաղաքական ակցիայի հրավեր ստանալիս նախ հարցեր է տալիս եւ քննարկում հրավերը, իսկ հետո տալիս բացասական եզրակացություն ու մերժում՝ իր չգալով, ուրեմն հիասթափված է եւ հուսահատված, ուրեմն ապատիայի մեջ է կամ քնած:
Լիովին հակառակը՝ դա նշանակում էր, նշանակում է գուցե, որ հանրությունն արթուն է, զգոն եւ այլեւս թույլ չի տալիս քաղաքական ժամավաճառներին եւ քաղաքական մարմնավաճառներին խաբել իրեն, տարատեսակ գործարքներ կնքել իր հաշվին, իր մտքի եւ հաճախ նույնիսկ մարմնի հաշվին:
Հայաստանում հասարակության հիասթափվածության, ապատիայի, հուսահատության մասին բնորոշումները կամ պարզապես կրկնվող կարծրատիպեր էին, երբ չկա իրավիճակը խորապես հասկանալու ցանկություն եւ տրամադրություն ու ավելի հեշտ է ասել բառեր, որպես գնահատական կամ վերլուծություն, կամ ընդամենը քաղաքական ժամավաճառների ինքնարդարացումներ եւ ալիբիներ, երբ սեփական անմրցունակությունը, անկենսունակությունը «դուրս է գրվում» հասարակական հուսահատության եւ հիասթափվածության, քնած լինելու կամ անտարբերության վրա:
Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա ցույց տվեց հենց դա, որովհետեւ նա ոչ թե ինչ որ հրաշքով, խարիզմայով կամ մոգականությամբ արթնացրել է հանրությանը՝ այլապես նա այդ բանը կաներ վաղուց, քանի որ Նիկոլը ամենեւին նոր չէ, որ հայտնվել է քաղաքական ասպարեզում, այլ ընդամենը հանրությանն արել է քիչ թե շատ համոզիչ եւ կոնկրետ առաջարկ, որը պարունակում է անելիք:
Դա է Նիկոլի շատերի համար անսպասելի հաջողության գրավականը: Նա մարդկանց հնչող ու չհնչող հարցերին, հրավերի առնչությամբ հարցադրումներին եւ քննարկելու մտապրոցեսին տվել է որոշակի պատասխան անելիքի, ոչ թե ասելիքի տեսքով:
Այլ հարց է, թե որքանով է Նիկոլի առաջարկած անելիքը հեռանկարային, քանի քայլով է կենսունակ, ինչ կա հետո, ինչ սցենարներ, պլաններ կան՝ իշխանության այս կամ այն արձագանքի դեպքում, ընդհանրապես գործընթացը զարգացնելու դեպքում: Այդ հարցերն էլ անշուշտ կան, եւ եթե Նիկոլը գտնի համոզիչ ու համարժեք պատասխան, կշարունակի հաջողությունը, եթե ոչ, ապա նրա համար հաջողություն կլինի թերեւս նահանջել դեմքը փրկելով եւ քաղաքականության մեջ մնալու շանսով:
Բայց, առայժմ Նիկոլին հաջողվել է առնվազն ստանալ հանրային այնքան աջակցություն, որքան հնարավոր է առաջին մի քանի քայլերի համար: Ակնառու է, որ դա ավելի մեծ քայլերի համար բավարար աջակցություն չէ: Բայց այստեղ է նաեւ վկայությունն այն բանի, որ Նիկոլը ոչ թե արթնացրել է, ոչ թե հուսահատությունն ու ապատիան է ցրել, այլ միշտ արթուն եւ առավել զգոնացած ու հասունացած հանրությանը պարզապես արել է կոնկրետ եւ հասկանալի ԱՌԱՋԱՐԿ: Պարզապես այն հասկանալի եւ կոնկրետ է այն թվի համար, որը հետեւում է նրան: Ոչ թե Նիկոլը արթնացրել է այս մի քանի հարյուրին կամ հազարին, իսկ մյուսները դեռ քնած են:
Այդպիսով, հենց այստեղ է Նիկոլի գլխավոր ձեռքբերումը, առանցքային նվաճումը, որ կամա թե ակամա դրել է իր նախաձեռնության մեջ՝ հանրությանն արված առաջարկ, որին արձագանքը չի ուշացել: Հանրային աջակցության մասշտաբն այն չէ, ուրեմն կա խնդիր առաջարկի բովանդակային, արժեհամակարգային, գաղափարական, նաեւ իրատեսականության ու հեռանկարայնության մասշտաբի եւ խորության մասով:
Հետեւաբար, աշխատանքը պետք է լինի այդ ուղղությամբ:
Բայց այստեղ պետք է լինի նաեւ Հայաստանի քաղաքական ապագայի թերեւս գլխավոր դասը՝ հանրությունը երբեք չի քնում, չի հուսահատվում, անտարբեր չի լինում: Հանրությունն ուղղակի հասունանում է, ու շատ ավելի արագ, քան քաղաքական ուժերը: