Երեւանի Ֆրանսիայի հրապարակում մնացած ցուցարարներն այժմ երթով շարժվում են դեպի Երեւանի քաղաքապետարան, որի մուտքն այժմ փակել է ցուցարարների մեծ մասը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները շարժվում են փողոցի բանուկ հատվածով, նրանց հետեւից վազում են մեծ թվով ոստիկաններ: Նրանք պահանջում են քաղաքացիներից քայլել մայթերով: Րոպեներ անց ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին դուրս բերել փողոցի բանուկ հատվածից: Ցուցարարները երթը շարունակում են մայթերով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: