1in.am-ը գրում է.

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում վարչապետ ընտրվելիս Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ներքոշարադրյալ «մի քանի կետով» ներկայացրեց այն արդյունքները, որոնք արձանագրվել են ՀՀ-ում վերջինիս կառավարման 10 տարիների ընթացքում:

«2007-ի սկզբին Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն եղել է դրամային արտահայտությամբ 2 տրիլիոն 656 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ՝ 6 մլրդ 385 մլն դոլար: 2018-ի սկզբին՝ համապատասխանաբար 5 տրիլիոն 580 մլրդ դրամ կամ 11 մլրդ 560 մլն դոլար: Այս ընթացքում ՀՆԱ-ն աճել է դրամական արտահայտությամբ 2.1 անգամ, դոլարային արտահայտությամբ՝ 1.8 անգամ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշն այն ժամանակ կազմել է 849 հազար դրամ կամ 2042 դոլար, հիմա՝ 1 մլն 873 հազար դրամ կամ 3880 դոլար: Աճը դրամական արտահայտությամբ կազմել է 2.2 անգամ, դոլարային արտահայտությամբ՝ 1.9 անգամ:

2007թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց կողմից եղել է 143.6 մլրդ դրամ դրամական ավանդ: 2018թ. հունվարի 1-ի դրությամբ բանկերում եղած ավանդների փողային քանակը կազմել է 1 տրիլիոն 553 մլրդ դրամ: Մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են: Որպեսզի չխոսեն այն մասին, որ միայն հարուստներն են ավանդներ դնում, նշեմ, որ այդ գումարի ճնշող մեծամասնությունը մինչև 7 մլն դրամ ավանդներն են: ՀՀ մեկ մլն քաղաքացի ունի ավանդ: Սրանք թվեր են, որոնցից մենք չենք կարող խուսափել»:

Դուրս չգալով Հանրապետության գործող վարչապետի «գծած վիճակագրական շրջանակից», այլ ցուցանիշներ չներառելով, բավարարվենք ընդամենը նրա ներկայացրած ՀՆԱ-ի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և բանկային ավանդների ցուցանիշների քննարկումով:

Սերժ Սարգսյանը Հանրապետության նախագահ է եղել 2008թ. ապրիլի 9-ից մինչը 2018-ի ապրիլ ժամանակային միջակայքում: Հետևաբար, համեմատական ցուցանիշների առումով ոչ թե պետք է նրա կողմից ներկայացվեին 2007-ի տվյալները, այլ 2008-ինը: Այդ դեպքում ՀՆԱ-ի ցուցանիշը կլիներ ոչ թե 2.6 տրիլիոն դրամ, որը նույնն է թե 6.3 մլրդ դոլար, այլ 3.6 տրիլիոն կամ 11.85 մլրդ դոլար: Այդ պարագայում արդեն աճը դրամով կլիներ 1.5 անգամ, իսկ դոլարով՝ 0.9 անգամ: Դրանից էլ կհետևեր, որ վերջին 10 տարիների ընթացքում չի հաջողվել բացարձակ թվով հասնել 2008-ի ՀՆԱ-ի մակարդակին:

Ինչ վերաբերում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին՝ 2008-ին այն կազմում էր 3778 ԱՄՆ դոլար: 10 տարի անց՝ 3880 դոլար: Տարեկան մեկ շնչին ընկնող միջինացված ՀՆԱ-ն աճել է մոտավորապես 10 դոլարի չափով: Սակայն եթե հաշվում ենք այդ ընթացքում հանրապետությունից հեռացածների թիվը, ստացվում է, որ այս ցուցանիշով անգամ նշյալ 10 դոլարանոց աճը չի եղել: Վերջին մի քանի տարիներին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը մեր երկրում «հավերժական տեղապտույտի ֆազում է»։ Դեռ 2014-ին՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 3864 ԱՄՆ դոլար էր: Երեք տարվա ընթացքում այն աճել է ընդամենը 16 դոլարով կամ տարեկան 5 դոլարով, որը նույնն է, թե չի աճել:

Սերժ Սարգսյանի նշած երրորդ ցուցանիշը վերաբերում է ֆիզիկական անձանց բանկային ավանդներին: Նա նշում է, որ հանրապետությունում շուրջ մեկ մլն մարդ բանկերում ավանդ ունի: Այսինքն՝ յուրաքանչյուր 5 հոգուց երկուսը: Եթե նշվեր, որ յուրաքանչյուր 5-ից 4-ը վարկառու է, այն էլ մի քանի բանկի, որևէ մեկի մոտ որևէ կասկած չէր առաջանա: Մինչդեռ այս դեպքում, ինչպես և մյուսներում, որոշակի մանիպուլյացիա է տեղի ունեցել: Հայաստանի բանկերում կա 1 մլն ավանդային հաշիվ, որից բոլորովին էլ չի հետևում, որ կա մեկ մլն ավանդատու: Նույն մարդը ելնելով իր փողերի անվտանգության ապահովման նկատառումից, դիվերսիֆիկացրել է դրանք՝ «ձվերը տարբեր զամբյուղներում տեղավորելով»: Այդքանից հետո Սերժ Սարգսյանը «խնդրում է» հավատալ այն թվերին ու հայտարարություններին, որոնք հնչում են իր շուրթերից, որովհետև «ես իրավունք չունեմ չստուգված թվեր հայտարարելու, և իմ բոլոր հնչեցրած թվերի հիմքը ՀՀ վիճպետկոմիտեի թվերն են»:

Վերջում Հանրապետության վարչապետը բացատրեց, որ այդ թվերը դեռևս չեն բերել այն հանգամանքին, ՀՀ բոլոր քաղաքացիները իրենց կարող են համարել բարեկեցիկ ապրողներ: «Մեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առնվազն 5-6 անգամ պակաս ցուցանիշ ունենք, քան միջին եվրոպական չափանիշներն են»,- նշեց նա: Հստակեցնենք՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը աշխարհի 190 երկրների մեջ 120-ի շրջանակներում է և նշված «5-6 անգամ պակաս ցուցանիշը» (շատերի դեպքում 10-20 անգամ) վերաբերում է ավելի քան 50-60 երկրների, որոնց այդքան անգամ զիջում ենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով:

Մինչդեռ նույն ԱՎԾ-ի տվյալներով, որոնք հիմք են հանդիսացել Սերժ Սարգսյանի համար, դեռ 2016-ին Հայաստանում 1 շնչի գոյատևելու համար անհրաժեշտ էր ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար, շատ լավ ապրելու համար՝ 655 060 դրամ կամ 1 363 դոլար։

Լուսանկարը՝ Photolure-ի

 Նյութի աղբյուրը՝ 1in.am