Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը եւ հայտնում է իր համերաշխությունը: Այս մասին ասված է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, ասվում է. «Ամուր ու ուժեղ հասարակություն ունենալը մեծապես պայմանավորված է քաղաքական համակարգով ու սահմանադրական կարգով: Ինչքան ժողովրդավար, մրցակցային ու մասնակցային է քաղաքական համակարգը, այնքան բարձր է տվյալ հասարակության մեջ արդարության աստիճանը, ինչն էլ բերում է հասարակության մեջ կոնֆլիկտների նվազեցմանը, տնտեսական եւ հասարակական նախաձեռնողականության բարձրացմանը, որն էլ իր հերթին օգնում է բարեկեցության անընդհատ, շարունակական աճին: Այս ամենն ուղղակիորեն բարձրացնում է տվյալ հասարակության եւ նրան քաղաքական սահմանների մեջ առած պետության անվտանգության աստիճանը: Քանզի բարեկեցիկ, ուժեղ տնտեսությամբ, արդարության բարձր մակարդակով պետություններն առավել կայուն են արտաքին վտանգների եւ ագրեսիաների դեպքում:

Ժողովրդավարական համակարգերի համար կարեւոր է իշխանությունից ժամանակին հեռանալու սկզբունքը, որը Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ամրագրված էր Սահմանադրությամբ: Այս սկզբունքի անտեսումը, ինչը տեղի ունեցավ Երեւանում եւ Ստեփանակերտում վերջին տարիների ընթացքում, քաղաքական համակարգի համար մահացու հարված է: Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում թիվ մեկ աթոռից չհեռանալու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն ընտրելը միայն թուլացրել է մեր հասարակությունները եւ խոցելի դարձրել մեր անվտանգությունը: Նման քայլերը բերում են հասարակության մեջ արդարության զգացման խրոնիկ պակասին, մարդիկ զրկվում են քաղաքական փոփոխությունների ակնկալիքից, ինչն էլ բերում է արտագաղթի, կապիտալի արտահոսքի, հարկերը չվճարելու ցանկության, մի խոսքով հուսալքության: Այս ամենն ուղղակիորեն հարվածում է երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը:

Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական անհնազանդություն, հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ: «Ազգային վերածնունդ» կուսակցության եւ անձամբ իմ անունից ողջունում եւ մեր համերաշխությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին եւ փաստում, որ նրանց գործողություններն ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում արդար հասարակության ստեղծմանը եւ այդպիսով բոլորիս անվտանգության եւ պաշտպանունակության բարձրացմանը»: