Այս օրերի բողոքի ակցիաներին մասնակցում է նաև դերասան Սերգեյ Դանիելյանը, ով Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները պետք է հեռանան, քանի որ այս համակարգը կենսունակ չէ, դեգրադացվում է։
Ըստ նրա` իշխանությունն ի վիճակի չէ ինչ-որ բան փոխել երկրում։ Ամեն ինչ դեպի հետ է գնում կամ դեպի կայուն վատ վիճակի։
Դերասանի խոսքով` այսօր իշխանությունը շատ հեռու է իրականությունից։
"Ես շփվում եմ որոշ պաշտոնյաների հետ, նրանք ոնց որ Բալիում լինեն, սանատորիայում հանգստանալիս լինեն",- հավելեց նա։
Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ վերջին 10 տարիներին տնտեսությունն աճել է, մարդկանց ավանդները 10 անգամ ավելացել են։ Նա ասաց, որ, բանկերում 6 տոննա ոսկի է գրավ դրված, մարդիկ իրենց տներն են գրավ դնում, արտագաղթում են, վարկերի տակ ճռռում են։
"Այո, ավանդները շատացել են, եթե այդպես նայենք, պատերազմի տարիների համեմատ, ես այն ժամանակ ունեի մի հատ տրաքած 06, հիմա ունեմ երկու հատ տրաքած օպել",- նշեց նա։
Սերգեյ Դանիելյանի խոսքով` այս պայքարը չի կարող անհետևանք մնալ, քանի որ երբեք ոչինչ անհետևանք չի լինում, արդեն իշխանությունն սկսում է ջղաձգվել։
"Ես հավատում եմ, որ ՀՀԿ-ում տարաձայնություններ կան։ Չի կարող պատահի, որ 300 հոգի կովի դեմքով նստեն ու կողմ լինեն",- հավելեց նա։
Դերասանը նաև նշեց, որ ի վերջո իշխանությունները հեռանալու են, Ներոնից լավ տղա չլինեն։
"Ըսենց գոհ ու երջանիկ թշերդ ուռցնես, ասես` ես միակն եմ, երբեք քեզ բան չի պատահի, ես չեմ պատկերացնում` աշխարհում կա մարդ, որ ըտենց մտածի",- նշեց նա։