Lragir.am-ը գրում է.

Հանրահավաքների, խցանումների պատճառով ներդրումների համար առաջացող խնդիրների վերաբերյալ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն առաջացրել է համացանցային լայն արձագանք, բնականաբար բացասական՝ ինչը բնորոշ է Սարգսյանի հայտարարություններին:
Զուտ տեսական առումով Սարգսյանի հայտարարությունն անշուշտ պարունակում է ճշմարտության զգալի տարրեր, որովհետեւ ներդրողները չեն գնա այնտեղ, ուր քաղաքական անկայունություն է: Դա գրեթե աքսիոմատիկ է: Բայց արդյոք Հայաստանում դրա համար է նվազել արտաքին ներդրումների ծավալը, արդյոք դա է պատճառը, որ ներդրողները չեն գալիս Հայաստան:
Այստեղ արդեն տեսությունը «ավարտվում» է, եւ սկսվում է դաժան իրականությունը, մի զգալի մասով բառի բուն, որոշ մասով պատկերավոր իմաստով: Իսկ իրականությունը թերեւս այն է, որ Հայաստանում արտաքին ներդրումներին խանգարում է ոչ թե փողոցներում հանրահավաքից կամ քաղաքացիական անհնազանդությունից առաջացող խցանումը, այլ խցանումը պետականության զարգացման ճանապարհին, որ առաջացրել է բիզնեսի եւ իշխանության սերտաճումը, որ առաջացրել են դրա հետեւանքով ընտրական համակարգի խեղումը, իշխանությունն ու տնտեսությունը մենաշնորհների եւ օլիգոպոլիաների վրա կառուցելը, ընդ որում քաղաքական անգրագիտությամբ օժտված մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների վրա կառուցելը:
Միեւնույն ժամանակ, հարցը դրանով աշուշտ չի ստանում միարժեք պատասխան, եւ ամենեւին երաշխավորված չէ, որ օրինակ ժողովրդավարական, լիարժեք ազատ, մրցակցային Հայաստան հորդելու էին արտաքին ներդրումները: Անկասկած իրենց դերը խաղում են պատերազմով, շրջափակումով, փոքր շուկայով պայմանավորված մի շարք օբյեկտիվ հանգամանքներ: Բայց, դրան զուգահեռ, խիստ դժվար է չափել, թե որքան է այդ օբյեկտիվ իրողությունների բացասական ազդեցությունը, քանի դեռ պահպանվում են խիստ սուբյեկտիվ արգելակները եւ զարգացում խցանող գործոնները:
Խնդրի մյուս կողմն այն է, որ Հայաստանում խոշոր հաշվով արտաքին ներդրում ասվածը եղել է հարաբերական, եւ դրանց զգալի մասն իրականում Հայաստանում կապիտալի նախնական կուտակման շնորհիվ գոյացած խոշոր փողն է, որը տեղափոխվել է դուրս, հետո արտաքին ներդրման անվան տակ վերադարձել Հայաստան, «լեգալացվելով» զգալիորեն նաեւ օֆշորային գոտիներում:
Ի դեպ, այդ իմաստով գուցե ամենապատկերավոր օրինակներից մեկը Գոլդեն փալաս հյուրանոցն էր, երբ այն բացվեց Մոնումենտում: Այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե վստահաբար խոսքը արտաքին ներդրման մասին է: Ներդրումը Կիպրոսի օֆշորից էր: Հետո պարզվեց, որ ներդրողը իրականում այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Ճշմարիտյանի կապի ու տրանսպորտի փոխնախարար եղբայրն էր: Գոլդեն Փալասի օրինակը վառ եւ խորհրդանշական է հատկապես վերջին զարգացումների համատեքստում:
Դա անկասկած բացառիկ օրինակ չէ, այլ Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի օրինաչափություն: Փողը կամ գնում է դուրս ու «լեգալացված» վերադառնում, կամ «լեգալացվում» է արտաքին որոշակի «բրենդավորում» անցնելով, երբ այդ բրենդի ներքո իրականում ներդրվում է Հայաստանի որեւէ խոշոր կապիտալիստի փող:
Ընդ որում, սկզբունքորեն այստեղ չկա անոմալ երեւույթ, որովհետեւ տնտեսական կառուցակարգերը լինում են տարբեր եւ ի վերջո տարբեր են լինում տնտեսա-քաղաքական զարգացման փուլերը: Պարզապես անհրաժեշտ է արձանագրել, թե ինչ փուլում է Հայաստանն ու իրականում որքանով է «խցանումների» բացասական ազդեցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը իրականությանը մոտ կամ չափազանցված:
Այդ տեսանկյունից, առաջին հայացքից Սարգսյանը չափազանցնում է՝ ներդրողները Հայաստանի դռանը հերթ կանգնած չեն, որ հանրահավաքներն էլ նրանց հեռացնեն: Սակայն խորքային առումով նա շոշափում է հենց համակարգին բնորոշ օրինաչափությունը եւ անում ըստ էության գրեթե սենսացիոն խոստովանություն:
Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանում ներկայում տեղի ունեցող հրապարակային կամ փողոցային գործընթացը իրականում առաջացրել է իշխանության խնդիր, բացել է այդ հարցը, ինչն էլ բերել է նրան, որ ներդրողները՝ այսինքն հայկական համակարգի խոշոր կապիտալիստները, չեն ցանկանում անել ներդրում, որովհետեւ չգիտեն, թե ով է իրավիճակի, իշխանության, հետեւաբար ներդրումների անվտանգության երաշխավորը:
Խիստ բազմիմաստ է Սարգսյանի հայտարարությունը, որ միակ հանգիստ տարին Հայաստանում եղել է 2017-ը, որն էլ բերել է 7,5 տոկոս տնտեսական աճի: Բանն այն է, որ մինչեւ 2017 թվականը Հայաստանում բաց է եղել իշխանության հարցը, անգամ Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում, երբ նա գործնականում այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր իշխանությունը, այլ ընդամենը ապահովեց իր նախագահական դիրքը Ռոբերտ Քոչարյանի թողած իշխանական համակարգում, ինչին անցնող տասնամյակի ընթացքում անդրադարձել եմ բազմաթիվ հոդվածներով:
Իշխանության հարցը քիչ թե շատ ինստիտուցիոնալ լուծվեց կամ լուծված թվաց 2017-ին, բայց Սերժ Սարգսյանն այժմ խոստովանում է, որ դա այդպես չէ, հետեւաբար հայկական խոշոր կապիտալը չի անի ներդրումներ:
Ի՞նչ նկատառումով է Սարգսյանն անում այդ ակամա, քողարկված խոստովանությունը, որը նաեւ բավական տարօրինակ ազդակ է խոշոր կապիտալին, որ ներդրում անելը հուսալի չէ: Ինչու՞ է նա խոստովանում, որ իշխանության հարցը բաց է: Դա անում է անելանելիությունի՞ց, թե՞ ակնարկում է խոշոր փողատերերին, որ այլեւս հրաժարվում է լինել նրանց կապիտալի միանձնյա երաշխավորը եւ անվտանգության պատասխանատուն, մերժում է այդ չբարձրաձայնվող պահանջը, նրանք իրենք պետք է մտածեն այդ ամենի մասին եւ ստանձնեն պատասխանատվություն, իր հետ միասին: Այն, ինչի համար փաստացի Սարգսյանը փոխեց կառավարման մոդելը, ապակենտրոնացնելով դե յուրե պատասխանատվությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am