Քաղաքացիական հագուստով անձինք ու ոստիկանները Աբովյան-Երևան մայրուղին փակած քաղաքացիներին հերթով բերման են ենթարկում: Բերման ենթարկողների մի մասը քաղաքացիական հագուստով են, ովքեր մարդկանց նստեցնում էին քաղաքացիական մեքենաներն ու տանում: Դեպքի վայրում գործողություններ իրականացնող ոստիկանության պաշտոնյան հերքեց, թե քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան տարածքում:
Ոստիկանության գնդապետի հրահանգով բերման ենթարկեցին նաև լրագրող Տիրայր Մուրադյանին, ով նախորդ օրը բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Թեև նա ոստիկանության աշխատակիցներին ցույց տվեց լրագրողական վկայականը, սակայն տարածքում ոստիկանների գործողությունները համակարգող գնդապետը լրագրողին հրելով ու գոռգոռալով նստեցրեց ոստիկանական մեքենան:
«Ով իրան անկարգ ա պահում, վերցնում եք, միանգամից բաժին: Ճանապարհը բաց եք պահում, չեք թողնում ճանապարհ փակ պահել»,- տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին հրահանգեց գնդապետը: