Երեկ ողջ օրն անցավ ցուցարարների ու ոստիկանների անմիջական շփման պայմաններում: Երեկ կառավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացնում էր իր առաջին նիստը, ցուցարարները փորձում էին շրջափակել կառավարական շենքերը, բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ:
Ընդհանրապես, այս օրերին ոստիկաններն ու ցուցարարները կանգնած են դեմ հանդիման, Նիկոլ Փաշինյանն ամեն քայլափոխի հիշեցնում է, որ պայքարը խաղաղ է եւ ոստիկանների դեմ չէ: Նա ցուցարարներին կոչ է անում բացառիկ հարգանք դրսեւորել ոստիկանների հանդեպ:
Երեկ նա ոստիկաններին հարցնում էր, թե ինչն են պաշտպանում, ում են պաշտպանում, հանուն ինչի: Պատմում էր, որ նրանք ստանում են չնչին աշխատավարձ, հանգստյան օրերին կատարում են այլ աշխատանքներ, որպեսզի հոգան իրենց ապրուստը:
Երեկ հանրահավաքում հնչեց Արսինե Խանջյանի խոսքը, որով նա մասնավորապես ոստիկանությանը կոչ էր անում դեմ չգնալ ժողովրդին: Իսկ ոստիկանության թեմայի կուլմինացիան Աշոտի պատմությունն էր: Աշոտը ոստիկան է, ով ապրիլի 16-ին եղել է Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանության պատնեշը: Ցուցարարների մեջ եղել էր նրա տատիկը:
Այդ օրը մի հատկանշական իրադարձություն էլ եղավ՝ ցուցարարներին հետ մղելուց հետո ոստիկանները սկսեցին երգել Հայաստանի հիմնը: Ըստ ամենայնի, այդպիսով ցույց էին տալիս, կամ պատասխանում էին մեղադրանքներին, որ կանգնած են ոչ թե պաշտոնյաների, այլ Հայաստանի պետության պաշտպանության դիրքերում:
Երեկ հայտարարվեց, որ այսօրվա հանրահավաքում ելույթ են ունենալու մարդիկ, ովքեր հարազատներ ունեն ոստիկանությունում: Հիշվում է սերբական Օտպոր շարժումը, երբ ակտիվիստները աշխատանքներ էին տարել ոստիկանների ընտանիքների հետ, եւ երբ մարդիկ դուրս եկան հրապարակ, ոստիկանները տեսան, որ առաջին շարքերում իրենց հարազատներն են: Եվ նրանք հրաժարվեցին ուժի կիրառումից:
Հատկանշական է, որ շարժման հայտարարումից ի վեր ՀՀԿ-ականներն անընդհատ դիմում են ոստիկանությանը, որպեսզի այն կատարի իր պարտականությունները եւ ապահովի «սահմանադրական պրոցեսը»:
Շարժումը կիրառում է նոր ու Հայաստանում ընդդիմադիր պայքարի համար աննախադեպ տեխնոլոգիաներ, որոնք ոստիկանության համար որոշակի անհարմարություններ են ստեղծում, նրանք նման փորձ չունեն: Նկատելի է որոշակի շփոթվածություն նրանց գործողություններում, առավել եւս ցանցային գործողությունների պարագայում:
Խաղաղ պայքարի այս տարբերակը տարբեր երկրներում ցույց է տվել, որ ոստիկանությունն ինչ որ պահի դադարում է շարունակել այդ գործողությունները: Նման մի բան տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում, երբ խնդիրներ ի հայտ եկան ոստիկանության ու ընդհանրապես իշխանության մեջ:
Ըստ ամենայնի, այս վտանգը գիտակցվել է, եւ այսօր առավոտից ոստիկանությունն իրեն ավելի ագրեսիվ է պահում, քան նախորդ օրերին, անցնելով «կանխարգելիչ» քայլերի:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am