Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անկեղծ գրառում է արել, որը շատ է հետաքրքրել նրա հետևորդներին ու նրանց կողմից ռեկորդային քանակով մեկնաբանություններ է հավաքել:

Ինչպես նշում է svoboda.org-ը, Սիմոնյանը բարձրաձայնել է երկրում առկա սոցիալական անարդարության հարցը, ինչը նրա զբաղեցրած պաշտոնի պարագայում ոչ միանշանակ է ընդունվել հետևորդների շրջանում:

«Իմ երեխաներն էլ են հիվանդանում: Որդիս հենց հիմա հիվանդ է: Երբ երեխաներս հանկարծակի ու շատ ուժեղ են հիվանդանում, շտապօգնություն եմ կանչում: Իհարկե, շտապօգնության վճարովի ծառայությանը կզանգեի, որպեսզի անվճարից օգտվեին անվճարունակները: Բայց քանի որ վճարովի ծառայությունը շատ ուշ է տեղ հասնում, իսկ երեխայիս ջերմությունը 40-ի էր հասնում, ու նա փսխում էր, մի տեսակ չէի կարող մտածել սոցիալական արդարության մասին:

Մի խոսքով՝ կանչեցի անվճար ծառայություն: Տեսնում եմ այդ մարդկանց (շտապօգնության աշխատողներին-Tert.am)՝ միշտ շատ հոգնած, հոգնատանջ, միշտ վատ հագնված ու ակնհայտորեն շատ կարիքավոր: Եվ ահա նրանք կաղնու փայտից աստիճաններով բարձրանում են երկրորդ հարկ՝ որդուս սենյակ, որը գտնվում է մերձմոսկովյան լավ թաղամասի լավ տներից մեկում: Եվ այդ պահին ես շատ եմ ամաչում կաղնու մանրահատակի, երկրորդ հարկի, երեք տարեկան տղայի համար առանձին սենյակի, անգլիական պաստառների ու վինտաժային իտալական ջահի համար: Կարծես այդ ամենը ես գողացել եմ որդուս փրկելու համար եկած աղքատիկ հագնված մարդկանցից: Եվ, իհարկե, ես նրանց գումար եմ մեկնում, բայց, գրողը տանի, բոլորս այդ պահին մի տեսակ անհարմար ենք զգում դրանից: Հետո մինչև առավոտ անհանգստանում էի՝ չնայած, որ երեխաս արդեն քնել էր, ու ջերմությունն իջել էր: Ես մի քիչ ապրել եմ կոմունիզմի օրոք, և դա դուրս այնքան էլ չէր գալիս, բայց այն, ինչ հիմա է, նույնպես դուրս չի գալիս»,- գրել է Սիմոնյանը:

Հատկանշական է, որ նրա գրած «կարծես այդ ամենը ես գողացել եմ» նախադասությունն անմիջապես մեմ է դարձել ու տարածվել է համացանցում: Նրա հետևորդներից շատերն ասել են, որ Ռուսաստանի իշխանությունների քարոզով զբաղվող Սիմոնյանն իրոք այդ ամենը գողացել է: