Ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնական Կորյունի փողոցի եւ Տերյան փողոցի խաչմերուկը:

Մի մեծ խումբ ուսանողներ էլ այս պահին հավաքված են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ շուտով այնտեղից եւս երթ կսկսվի: Նրանք վանկարկում են՝ «դասախոս, միացիր»:

Այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Նոր Նորքում, Աջափնյակում, Օրբելի փողոցում:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Նշենք, որ գիշերը ժամը 00.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 315-ի: