Երեւանի պետական համալսարանում այսօր՝ ապրիլի 23-ին, ուսանողները բողոքի ակցիա են սկսել: Նրանք առավոտից հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց եւ սկսում են երթը:

Ուսանողները վանկարկում են՝ «դասախոս, միացիր»:

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Բաղրամյան պողոտայում, Աջափնյակում, Օրբելի փողոցում: Մի խումբ ցուցարարներ էլ փակել են Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա են սկսել Աբովյան-Հերացի հատվածում: Նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Նշենք, որ գիշերը ժամը 00.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 315-ի: